Արժանապատվության հանրահավաքը
Եվ այսպես, իշխանությունները խորհրդարանի ամբիոնից ուղղակիորեն հայտարարեցին, որ իրենք Հայաստանում բռնազավթել են իշխանությունը եւ նույն ձեւով էլ շարունակելու են։ Սեփական մտքերը շատից-քչից հոդաբաշխ շարադրելու ընդունակ երկու հոգի, որոնցից մեկը` արդարադատության նախարար, հայտարարեցին թե այո՛, եթե մեծամասնական ընտրակարգ չլինի` ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա, ու իրենք հենց մեծամասնություն ունենալու համար են պահում այդ ընտրակարգը, որովհետեւ ՀՀԿ-ի մեծամասնություն չունենալը «չի բխում մեր երկրի շահերից»։
02.03.2012 Մարկ Նշանյան
Եվ այսպես, իշխանությունները խորհրդարանի ամբիոնից ուղղակիորեն հայտարարեցին, որ իրենք Հայաստանում բռնազավթել են իշխանությունը եւ նույն ձեւով էլ շարունակելու են։ Սեփական մտքերը շատից-քչից հոդաբաշխ շարադրելու ընդունակ երկու հոգի, որոնցից մեկը` արդարադատության նախարար, հայտարարեցին թե այո՛, եթե մեծամասնական ընտրակարգ չլինի` ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա, ու իրենք հենց մեծամասնություն ունենալու համար են պահում այդ ընտրակարգը, որովհետեւ ՀՀԿ-ի մեծամասնություն չունենալը «չի բխում մեր երկրի շահերից»։
Հասկացա՞ք։ Ժողովուրդը ՀՀԿ-ին ձայն չի տալիս, բայց Սերժ Սարգսյանը կարծում է, որ «դա չի բխում մեր երկրի շահերից», դրա համար էլ այնպիսի մեխանիզմ են հորինել, որ ընտրությունների ժամանակ ինչքան էլ քիչ ձայն ստանան` մեծամասնություն կազմեն։ Այսինքն` ժողովրդի բացարձակ մեծամասնությունն այս իշխանություններին դեմ է, իրենք էլ դա գիտեն եւ խոստովանում են, բայց «հանուն պետական շահի» շարունակում են բռնազավթած պահել իշխանությունը։
Լավ, որ ստահակների վերջին ապաստանը «հայրենասիրությունն» է` վաղուց է հայտնի, եւ Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Իրաքի կամ Եգիպտոսի իշխանություններն էլ էին «հանուն պետության շահի» արհամարհում սեփական ժողովրդի կարծիքը։ Հասկանալի էր նաեւ, որ մեր խորհրդարանի «կայուն մեծամասնությունն» ինքնապահպանման բնազդով դեմ է քվեարկելու մեծամասնական ընտրակարգի վերացմանը։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ այս վիճակը ոչ միայն չի բխում մեր պետականության շահերից, այլեւ բառիս բուն իմաստով վառոդի տակառ է` դրված Հայաստանի տակ։ Բացատրենք, թե ինչու։ Հանրապետականների այս պարզունակ մորթապաշտության արդյունքում Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ մի կողմից` ակնհայտ է, որ իշխանափոխությունը վաղ թե ուշ տեղի է ունենալու (աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իշխանություն հավերժ չէ), մյուս կողմից` ակնհայտ է, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ։ Այսինքն` Սերժ Սարգսյանը Հայաստանում ստեղծել է մի վիճակ, որտեղ ներքաղաքական բախումներն ու արյունահեղությունն անխուսափելի են։ Դատեցեք ինքներդ. անգամ պաշտոնական տվյալներով, ժողովրդի 70 տոկոսը, արհամարհելով ցանկացած ճնշում կամ ընտրակաշառք, ՀՀԿ-ին ձայն չի տալիս։ Եվ այդ 70 տոկոսն օրինական ճանապարհով ՀՀԿ-ական փոքրամասնությանն իր կամքը պարտադրել չի կարողանում։ Որեւէ մեկը ապստամբությունից բացի այլ ելք տեսնո՞ւմ է։ Թե՞ տանկերը պիտի քշեն ժողովրդի վրա ու ասեն «կներեք, բայց ձեր ապստամբությունը, որքան էլ համաժողովրդական, այնուամենայնիվ չի բխում մեր երկրի շահերից»։ «Երկրի շահը» որոշողներն էլ, պարզվում է, դոնդողանման վունդերկինդներն են ու մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնց մեծ մասն «ընտրվելուց հետո» հինգ տարի շարունակ գյուղացիներին բաժանած պարարտանյութի մեշոկներն է «պլյուս-մինուս» անում ու միշտ հաշիվը խառնում, տեսախցիկ տեսնելուն պես էլ անհոդաբաշխ ձայներ արձակում ու մտնում մոտակա պուճախը։
Բայց վերադառնանք Հայաստանում ստեղծված իրավիճակին։ ՀՀԿ-ին ոչ մի պայմանով ձայն չտվող 70 տոկոսը փաստորեն մի ելք ունի` դուրս գալ փողոց։ Դուրս գալ փողոց` անկախ քաղաքական հայացքներից եւ նախապատվություններից։ Ու հիմա այնպես է ստացվել, որ առայժմ հանրահավաքային ակտիվ պայքար է մղում միայն Հայ ազգային կոնգրեսը, որն այսօր Ազատության հրապարակում բացում է «հանրահավաքային սեզոնը»։ Ընդ որում` ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական դաշտի խնդիրը փոխված է. հիմա ոչ թե պետք է ձգտել պարզ մեծամասնության (ընտրություններում ստանալ 51 տոկոս), այլ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն 25 տոկոսից ավելի «ստանա»։ Իսկ սա միայն Կոնգրեսի խնդիրը չէ, սա բոլոր ուժերի եւ այդ ուժերի բոլոր համակիրների խնդիրն է։ Վերջին հաշվով` ՀՀԿ-ն հո միայն Կոնգրեսի համակիրների իրավունքները չի ոտնահարում, բոլորի՛ իրավունքներն է ոտնահարում։ Այնպես որ` սա այն դեպքն է, երբ Կոնգրեսի հանրահավաքին պիտի բոլորը մասնակցեն (բացի հանրապետականներից)։ Միայն այդ դեպքում Սերժ Սարգսյանն ու նրա տնաբույծ վունդերկինդները կհասկանան, թե իրականում ով է որոշում` «ինչն է բխում պետության շահերից», եւ ինչը` ոչ։
Ի դեպ, այստեղ մարդկային արժանապատվության խնդիր էլ կա։ Հանրապետականները հայտարարում են, թե մեծամասնական ընտրակարգը լավ բան է, որովհետեւ թեկնածուները կաշառք-բան են բաժանում, մարդիկ էլ սիրով վերցնում են ու գոհ մնում։ Հետաքրքիր է` նրանք իսկապե՞ս կարծում են, որ մեր ժողովուրդն այդքան զուրկ է արժանապատվությունից։ Պատասխանի լավագույն տարբերակն Ազատության հրապարակն է։

Комментариев нет:
Отправить комментарий