Երբեք չեմ ների
Այս ինչքա՜ն իմաստուն կա այս երկրում. բա ինչու՞ է երկիրս կիսագրագետ ու փնթի քրեական հեղինակությունների կրնկի տակ: Այս ինչքա՜ն հեղափոխական կա այս երկրում. բա ինչու՞ են այս հեղափոխականներն սպասում, որ հեղափոխությունն անի Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր զինակիցների հետ միասին, իսկ իրենք կողքից դիտեն ու քննարկեն` ինչը ճիշտ արեցին, ինչը` սխալ: Այս ինչքա՜ն հայրենասեր կա այս երկրում. բա ինչու՞ է երկիրս դարձել այս երկրի արգանդից դուրս եկած զավթիչների սմբակների կոխան ու օտարների ֆորպոստ: Այս ինչքա՜ն բարոյական մարդ կա այս երկրում. բա ինչու՞ է երկիրս ճղփճղփում բարոյազրկության ցեխաջրում, այնպիսի համատարած բարոյազրկության, որ երբեմն անհուսությունից ու անզորությունից ուզում ես գայլի պես ոռնալ: Այս ինչքա՜ն… Շարունակե՞մ. թերթի էջերը չեն բավականացնի:

Այս ողբալի վիճակի պատճառը մեկն է` ազգիս մի մասը «քաղաքակիրթ» դիտորդ է, մի մասը` կատաղած պահանջատեր: Ու պահանջում են միմիայն մեկից` Հայ ազգային կոնգրեսից: Իրենք զբաղված են, ժամանակ չունեն երկիրը փրկելու: Մեկը տուն է պահում` չի կարող շեֆի աչքից ընկնել, մյուսը բանտախցից զզվում է` շատ մաքրասեր է, ամեն օր պետք է լողանա սեփական տան փայլփլուն ցնցուղի ներքո, հո բոմժ չէ՞: Երրորդն ընդամենը սովորական վախկոտ է` ուզում է ուրիշը զոհվի հանուն իր բարեկեցության, ու սեփական վախկոտությունը պճնում է «բարեկրթությամբ»` հո վայրենի չէ՞, որ ընկնի փողոցները, կռիվ տա խաժամուժի դեմ: Չորրորդն էլ ուզում է ինքն ընդդիմադիր լինել, իր տիկինը` հանրապետական, որ ընտանիքը սոված չմնա, հինգերորդը… Շարունակե՞մ. թերթի էջերը չեն բավականացնի:
Մնացինք մենքումերոնցով: Նրանք, ովքեր կարծում են, որ ինձ գոհացրել են Կոնգրեսի քառամյա պայքարի ընթացքում արված բոլոր քայլերը, չարաչար սխալվում են: Դժգոհել եմ, զայրացել եմ, ընկերներիս հետ վիճել եմ, գրել եմ դժգոհություններիս մասին, բայց այս տարիների ընթացքում մի ակնթարթ անգամ մտքովս չի անցել երես թեքել Կոնգրեսից: Քաղաքական գործիչ չեմ, քաղաքական վերլուծաբան չեմ, ամենասովորական Հայաստանի քաղաքացի եմ, որը, մեղմ ասած, անտարբեր չէ այս երկրի ապագայի նկատմամբ: Ընդամենը: Եւ ամենասովորական Հայաստանի քաղաքացիս այս տարիների ընթացքում երկու բան եմ հասկացել` Հայաստանում այս հանցագործների դեմ իրապես պայքարող միակ կարող ուժը Հայ ազգային կոնգրեսն է: Ցավոք, չեմ սխալվել: Եւ մեկ էլ մի բան եմ հասկացել. ջլատելով Կոնգրեսը` անուղղակի, թե ուղղակի, կամա, թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակցաբար կօգնեմ հանցագործ, պիղծ ու անբարո իշխանությանը (ինչպես թվարկածներս ու չթվարկածներս օգնեցին): Ջլատեցի՛ք, եւ ավազակախումբն առավել լպիրշացած, մի քանի օր առաջ, «ընտրություններ» անվան տակ օրը ցերեկով ծաղրեց, նվաստացրեց ու կխճորեց միքանիհազարամյա ազգիս:
Նաեւ` ձե՛ր անմիջական ու եռանդուն օգնությամբ, պարոնայք ու տիկնայք նախկին կոնգրեսականներ: Վճռականություն էիք պահանջում Կոնգրեսից, ու մեկ էլ պարզվեց` սրա-նրա շպրտած փշուրներով գլուխներդ յոլա տանողներ եք: Մեկ էլ պարզվեց` Կոնգրեսից երես եք թեքել ընդամենը ճղճիմ պատճառով` ձեր թանկագին անձի հավակնությունները Կոնգրեսը չի արդարացրել: Իսկ ես շատ մոռացկոտ չեմ, հրաշալի եմ հիշում, որ պայքարի սկզբում բոլորդ միաբերան ասում էիք, որ ոչ մեկդ շահ չեք հետապնդում: Փորձեք փորփրել ձեր «փխրուն» հոգիները, պատասխանն այնտեղ կա. որքան էլ գեղեցիկ բառային ձեւակերպումների տակ թաքցնեք, չի ստացվի: Մեկիդ ոտքի բութ մատն է ցավեցրել Կոնգրեսը, մյուսիդ ականջին շշնջացել են, որ քեզնից դենը Հայաստանին արժանի նախագահացու չկա, երրորդիդ դուր է եկել հանրապետական օլիգարխի մատուցած չալաղաջը, չորրորդիդ թվացել է, որ Ֆեյսբուքում քո հասցեին հնչած «կեցցե»-ներից ավելի գրգռիչ հաճույք չկա, հինգերորդիդ… Շարունակե՞մ. թերթի էջերը չեն բավականացնի:
Մատաղ արեցիք երկիրս ձեր խղճուկ հավակնություններին, ու ես` Հայաստանի ամենասովորական քաղաքացիս, երբեք չեմ ների ձեզ:
Հ.Գ. Սպասենք Կոնգրեսից հեռանալ պատրաստվող հաջորդ «վճռական հեղափոխականների» բոցաշունչ ելույթներին: Համբերություն եւ կամք եմ ցանկանում մեզ. երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու:

Комментариев нет:
Отправить комментарий