Ինչպես հայտնի է, Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող «անկախ» լրատվամիջոցներն ու վերլուծաբանները մեկ գլխավոր խնդիր ունեն` փնովել իրենց շեֆին նյարդայնացնող երեք հայտնի ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին:
Թե ինչու ԲՀԿ-ին, հասկանալի է.Ծառուկյանի վարկանիշը 2013-ի նախագահական ընտրություններից ընդամենը 8 ամիս առաջ մի քանի անգամ գերազանցում է Սերժ Սարգսյանի վարկանիշը:
Եվ հենց դրա պատճառով էլ հայտնի մեկ կենտրոնից կառավարվող «անկախ» լրատվամիջոցները օր ու գիշեր /ներառյալ հանգստյան շաբաթ և կիրակի օրերը/ փնովում են Ծառուկյանին, ԲՀԿ-ին և բոլոր նրանց, որոնք այս կամ այն չափով կապված են այդ ուժերի հետ:
ՀԱԿ-ին փնովելը կախված է հիմնականում Տեր- Պետրոսյանի անձի հետ: Վերջինիս վարկանիշը, ճիշտ է, 2008-ի համեմատ զգալիորեն նվազել է, սակայն Սերժ Սարգսյանի վարկանիշից անհամեմատ բարձր է: Իսկ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ «ամեն անգամ պապը կարող է փլավ չուտել» և 2013-ը չնմանվի 2008-ին:
Բանը հասել է նրան, որ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած գործիչները խուճապահար նշում են, որ «դե պարզ է, որ Տեր- Պետրոսյանը իր թեկնածությունը չի դնի գալիք 2013-ի ընտրություններում»:
Հիշենք, որ 2008-ին էլ ասում էին, որ «Տեր- Պետրոսյանն այնքան խելոք է, որ չի դնի իր թեկնածությունը»: Թե ինչ եղավ 2008-ին, հիշում ենք բոլորս:
ՀՅԴ-ին «անկախ» կոչվող մամուլը չի ներում, որ այդ ուժը այդպես էլ Բաղրամյան 26-ի գործիքը չդարձավ և մնաց ինքնուրույն ուժ:
Գեղամյանի սկզբունքով, գործող լրատվամիջոցները օբյեկտիվորեն չեն կարող ներել ՀՅԴ-ի` իսկապես արժանապատիվ պահվածքը:
Չեն կարող ներել ԲՀԿ-ին, որ ի հեճուկս իրենց կանխատեսումների, չմտավ ՀՀԿ-ի հետ կոալիցիա:
Չեն կարող ներել, որ Տեր – Պետրոսյանը, ի տարբերություն իր կողքին կանգնած մի շարք գործիչների, պահպանեց իր արժանապատվությունը և չդարձավ Գեղամյան:
Այսպիսով, սույն «անկախ» լրատվամիջոցների պահվածքը` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի նկատմամբ, հասկանալի է և տրամաբանված: Ինչպես որ շատ լավ հասկանալի է, թե ինչու են նրանք դրականորեն վերաբերվում Արամ Զավենի Սարգսյանին, Վիկտոր Դալլաքյանին, ՀԱԿ-ից դուրս եկած լիբերալ Հովիկ Հովհաննիսյանին և այլ նմանատիպ գործիչների:
Թեև նույն լրատվամիջոցները «ամաչում են» գովաբանել Գեղամյանին ու ԱԽՔ-ին, սակայն` շատ իզուր: Վերջիններս այսօր ավելի «ազնիվ» են իրենց պահում, քան նույն լրատվամիջոցները, որոնք իրենց այսօր պահում են այնպես, ինչպես Գեղամյանը` 2003-ին կամ ԱԽՔ-ը` 2008-ին:
Դավիթ Մկրտչյան

Комментариев нет:
Отправить комментарий