Մայիսի վերջից «Շանթ» հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է «Անծանոթը» հեռուստասերիալը, եւ ահա համացանցում է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ համադրված կադրերը վկայում են այն մասին, որ հայկական արտադրության այդ հեռուստասերիալը նույնությամբ կրկնում է թուրքական սերիալին:
Նույնն են տեսարանները, նույնն են երկխոսությունները, նույնն է նկարահանման ռակուրսը: Մի խոսքով, կարելի է ասել` հայելային արտապատկերում է: Եւ այս փաստը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել: Իսկ ահա «Շանթ» հեռուստաընկերությունը, նշված «երկվորյակի» առնչությամբ, ունի իր մեկնաբանությունը. միեւնույն` միջազգային ձեւաչափի սցենարի հիման վրա նկարահանվել են թե՛ հայկական «Անծանոթը», թե՛ թուրքական «Էզելը»-ը: Ասել է թե` սցենարը, որը «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի մոտիվներով է, երկու երկրներն էլ ձեռք են բերել մեկ այլ աղբյուրից: «Երկու հեռուստասերիալներն էլ նկարահանվել են միեւնույն ձեւաչափի հիման վրա, հետեւաբար` նմանություններն անխուսափելի են եւ ընդունելի»,- իմ գրավոր հարցմանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության փիառ մենեջեր Լիանա Մարտիրոսյանը: Բայց դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է կրկնվի նույնությա՞մբ: «Այն դեպքերում, երբ օրիգինալը (որից նաեւ թուրքերն են օգտվել) այնքան հաջողված է, որ կրկնելը շահեկան է, ապա, իհարկե, կրկնվում է: Եթե մենք ավելի հետաքրքիր լուծում ենք գտնում, եւ դա դեմ չէ ֆորմատին, ապա օգտագործում ենք մերը»,- ասված է պատասխան գրության մեջ: Իսկ թե հատկապես ինչ կազմակերպությունից է ձեռք բերվել «Անծանոթը» սերիալի սցենարը, չի նշվում: Այդ հարցի առնչությամբ «Շանթ»-ից միայն ասում են, որ սցենարը ձեռք է բերվել շվեդական մի ընկերությունից: Ուշագրավ է, սակայն, որ «Անծանոթը» հեռուստասերիալի հերթական մասերի ավարտին նշվում է սցենարի հեղինակի անուն` Էդուարդ Զորիկյան, այն դեպքում, երբ, փաստորեն, սցենարն այլ հեղինակ ունի, իսկ երկու սերիալների համեմատությունը ցույց է տալիս, որ դեպքերն ու իրադարձությունները ոչ մի փոփոխության չեն ենթարկվել: «Շանթ»-ի փիառ մենեջերը պարզաբանել է, որ այս դեպքում սցենարիստի դերը օրիգինալ սցենարը հայկական իրականությանը համապատասխանեցնելն է: «Նա օրիգինալ սցենարի կառուցվածը փոխելու իրավունք չունի: Սցենարական լուծումները պետք է նույնը մնան»,- նշել է Լիանա Մարտիրոսյանը: Ու ստացվում է` Էդուարդ Զորիկյանի միակ անելիքն այս գործում այն է, որ, ասենք, Բաքուն փոխարինի Երեւանով, Ալի անունը դարձնի Ալիկ: «Շանթ» հեռուստաընկերությունից փոխանցում են նաեւ, որ «Անծանոթը» սերիալի սցենարով հեռուստասերիալներ են նկարահանել, օրինակ, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում: Իսկ թե որքանով են դրանք կրկնում մեկը մյուսին, չի նշվում:
Երեկ զրուցեցի նաեւ հայկական «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Սարգիս Գրիգորյանի հետ: Թուրքական սերիալի մասին նա տեղյակ էր, եւ դրա շուրջ ծայր առած խոսակցությունները զայրացնում են դերասանին. «Դա համաշխարհային ֆորմատ է, որը նաեւ Թուրքիան է առել»: Իսկ ինչ վերաբերում է երկու սերիալների ճշգրիտ նմանությանը, նա այսպես արձագանքեց. «Դե, արդեն գիտեք ինչ կա, ես, համենայնդեպս թուրքական տղու նմա՞ն եմ, հա՞: Հիմա ես իմ գործն եմ անում ու հաստատ իր նման չեմ խաղում»: Ավելին, Սարգիսը համոզված է, որ ինքը երեք անգամ լավ է խաղում թուրք դերասանից. «Ես թուրքական սերիալի հերոսից 3 անգամ ուժեղ եմ խաղում, որովհետեւ ինքը իսկի դերասան էլ չէ, մոդել է»: «Դա ֆորմատ է, եթե մարդիկ կան, որ չգիտեն` դա Մոնտե Քրիստո է: Թուրքերը Մոնտե Քրիստոյի հետ ոչ մի կապ չունեն: Ուղղակի թուրքերը առել են այդ սերիալի ֆորմատը ու անում են: Իսկ եթե պետք է մարդիկ քննադատեն` իրենց կյանքում ոչինչ անելով... Արվեստը, եթե նույնիսկ թուրքական է, կարծում եմ` կապ չունի մեր ընդհանուր թշնամանքի հետ: Բայց դա թուրքական չէ, դա շատ ավելի հեռու է, որովհետեւ Մոնտե Քրիստոյի մոտիվներն են, ոչ թե Աթաթուրքի պատմությունը»,- հավելեց «Անծանոթը» սերիալի գլխավոր դերակատարը եւ մանրամասնեց, որ թեպետ նույն սցենարի հիման վրա հեռուստասերիալը նկարահանել են մի քանի երկրում, բայց նախընտրելի է համարվել հայկականը ստեղծել թուրքականի նմանությամբ. «Որովհետեւ կա մի քանի պատճառ` ամենալավ ստացվածը թուրքականն է, ամենամեծ ռեյտինգ բերել է թուրքականը: Այսինքն` իրենց ռեժիսորները բավականին լավ մասնագետներ են: Իսկ ի՞նչ վատ է, եթե լավը կարողանում ենք ունենալ: Ի՞նչ կապ ունի` դա թուրքական է, թե ֆրանսիական»: Ըստ նրա` ֆորմատը գնել են, իսկ դա վաճառողն ունի իր պահանջները, ինչպես, օրինակ, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի դեպքում: Այս պարագայում էլ, հեռուստախաղը ցուցադրելու իրավունքը ձեռք են բերել տարբեր երկրներ, ու բոլոր տարբերակներում ամեն ինչ նույնությամբ է կրկնվում: Եւ այսպես, սահուն քայլերով մեր երկիրն էլ է ընթանում պատրաստին ձեռք բերելու եւ սեփականը չստեղծելու հեշտ ճանապարհով:

Комментариев нет:
Отправить комментарий