Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

27.11.2012

Առանց ներման իրավունքի

Նորից ու նորից ստիպված եմ անդրադառնալ մարտի մեկի թեմային, ու եթե հաճախ ասելիքս այդ թեմայով կրկնում եմ, թող ընթերցողները ներեն ինձ:

Ցավոք, մեղքն իմը չէ, այլ այն մարդկանցը, որոնք գոնե լռելու փոխարեն (եթե քաջություն կամ ուղեղ չունեն ակնհայտ փաստերը տեսնելու)` շարունակում են բազմացնել կեղծիքը: Ինձ ճանաչողները երեւի գիտեն, որ իմ հանդուրժողականությունն ավարտվում է այնտեղ, որտեղ մարտի մեկի թեմայով լկտի ու չհիմնավորված սուտ կա: Շատ ցավում եմ, որ այսօր պետք է խոսեմ իմ երբեմնի սիրելի ԵՊՀ պատմության ֆակուլտետի` այսօրվա դեկան Է. Մինասյանի մասին: «Հակահարված» խմբի հետ կապված միջադեպին այսօր չեմ անդրադառնալու: Իմ տեսակետից ավելի կարեւոր առիթ կա: Խոսքը պատմաբանի մասնագիտական պատվի, խղճի ու պրոֆեսիոնալիզմի մասին է, որն, ինչպես այսօր իմացա «Այլուր» կայքում զետեղված նյութից, բառացիորեն հողին է հավասարեցրել պ. Մինասյանը: Պարզվում է` նա սովորական կեղծարար է, որը հեղինակել է Հայոց պատմության բուհական դասագրքի 2008-ի մարտի մեկին վերաբերող հատվածը: Հատվածն, իհարկե, գերլեցուն է ստով, որը հերքելու համար կարելի է հատորներ գրել: Բայց, ինչպես միշտ, կսահմանափակվեմ միայն ու միայն պաշտոնական անհերքելի տվյալներով: Ոչ մի Փաստահավաք խումբ, ոչ մի ընդդիմադիր աղբյուր, միայն ու միայն՝ ՀՀ դատական ատյանների տվյալներ: Միայն չոր փաստեր ու դրանց անշեղորեն հետեւող չոր եզրակացություններ: Եւ այսպես, հատվածի հեղինակը գրում է, որ մարտի մեկի առավոտյան ոստիկանությունը զենք է հայտնաբերել Ազատության հրապարակում: Իրոք, հիշում ենք, որ այդպիսի կադրեր ցուցադրվեցին հեռուստացույցով: Սակայն, հետագայում այս զենքի գործով որեւէ ընդդիմադիր չի դատապարտվել, ու թեկուզեւ մեր հայաստանյան թերի դատական համակարգը չի ապացուցել, որ այդ զենքերից որեւէ մեկը պատկանել է ընդդիմության որեւէ ներկայացուցչի: Ավելին՝ մեղադրանք էլ չի ներկայացվել: Եւ սա այն դեպքում, երբ 100-ից ավելի մարդ է ձերբակալվել մարտի մեկից հետո: Հետեւաբար, այն պատմաբանը, որն իր վրա վերցնում է սա որպես փաստ ներկայացնելու պատասխանատվությունը՝ կեղծարար է կամ շատ վատ մասնագետ: Երկրորդ՝ հատվածի հեղինակը գրում է վառված մեքենաների եւ թալանված խանութների մասին՝ մեղադրելով ընդդիմությանը: Սակայն, պատմության դասագրքի հեղինակը պետք է իմանար, որ նույն այդ 100-ից ավելի դատապարտվածերի մեջ չկար գեթ մեկը, ով դատապարտվել է խանութ թալանելու եւ մեքենա վառելու մեղադրանքով: Միայն մի ճշտմամբ, թալանի համար մի երկու-երեք հոգի դատվել են ու արագ ազատվել դեռ 2008-ի գարնանը, եւ պարզվել է, որ նրանք արտաշատցի են եղել, ենթադրաբար Հովիկ Աբրահամյանի կամանդից: Բայց կրկնեմ՝ ոչ մի ընդդիմադիր չի դատապարտվել: Եթե այսքանից հետո որեւէ պատմաբան գրում է սրա մասին որպես փաստ, այն էլ՝ դասագրքում, ուրեմն` նա կեղծարար է կամ էլ շատ վատ մասնագետ: Երրորդ՝ հատվածի հեղինակը գրում է, որ մարտի մեկի երեկոյան երկուստեք զենք է կիրառվել: Սակայն, որեւէ դատարան չի ապացուցել եւ նույնիսկ մեղադրանք չի ներկայացրել որեւէ ՀՀ քաղաքացու, որը զենք կրեր եւ գործածեր մարտի մեկի երեկոյան: Ռ. Քոչարյանը մեզ ասում էր, թե կան կադրեր դրա մասին, որոնք ցույց կտան հեռուստացույցով: Այդ կադրերն այդպես էլ ցույց չեն տրվել: Չկա որեւէ ապացույց՝ դատական եւ այլ, որ ընդդիմությունը զենք է ունեցել մարտի մեկի երեկոյան եւ կիրառել է դա: Հետեւաբար, այն պատմաբանը, որն իր վրա վերցնում է սա որպես փաստ ներկայացնելու պատասխանատվությունը՝ կեղծարար է կամ շատ վատ մասնագետ: Ես հատուկ ավել բան չեմ գրում: Համոզված եմ, որ մարդիկ կան, որոնք ինձնից լավ ու հիմնավոր կմեկնաբանեն հատվածում առկա սուտը: Այս տարիների ընթացքում մարտի մեկի մասին այնքան է ասվել, ու այնքան փաստեր են բերվել, որ ոչ միայն պատմաբան մասնագետը, այլեւ սովորական մարդը, եթե ինքնախաբեությամբ չի ուզում տառապել, վաղուց ճշմարտությունը գտած պետք է լիներ: Բայց ես սահմանափակվել եմ միայն ու միայն պաշտոնական մասով: Այսքանով ՍՄԿԿ պատմության փառապանծ ամբիոնի նախկին վարիչ, նախկին պատմաբան եւ նախկին մարդ Էդիկ Մինասյանին մաղթում եմ բարի քուն եւ անուշ երազներ: Ու թող փորձի դեմագոգիայով զբաղվել, թե` «հհշ»-ական մամուլն իմ դեմ ա դուրս եկել արշավի: Սա «հհշ» մամուլը չի, հոպար, սա Հրանտն ա, որը քեզ ու ցանկացածին, ով մարտի մեկի թեմայով հրապարակավ սուտ կասի, մինչեւ կյանքի վերջ հանգիստ չի տա:
Հ.Գ. Հա, ու ի դեպ` նույն Հրանտն ա, որին 96-ին էդ նույն ֆակուլտետում դասախոսները` ի թիվս այլ ուսանողների, Լեւոնի միտինգներին էին փորձում զոռով քշել, բայց ինքը` ի թիվս այլ ուսանողների, գնում էր Վազգենի միտինգներին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий