Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

11.01.2013

Վերափոխումների պահանջը


Մինչ Սերժ Սարգսյանը ծանր պայքարի մեջ է մտել իր կողմից առաջադրված մրցակիցների դեմ`(Հ. Բագրատյան, Ր. Հովհաննիսյան, Պ. Հայրիկյան, Էպոսագետ, Ա. Թարխանյանի ամուսին և այլն), քաղաքական դաշտի երեք ազդեցիկ ուժերի համար ամենաճիշտ պահն է սեփական ուժերն արմատական փոփոխությունների նախապատրաստելու համար: 
Խոսքը` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասին է: Մենք այս թեմայով նախատեսում ենք տպագրել վեց վերլուծություն: Յուրաքանչյուրի մասով մեկական` մինչև նախագահական ընտրությունները, և ևս երեք առանձին նյութ` ընտրություններից հետո: Հասկանալի է, որ ընտրություններից հետո լինելու են նոր զարգացումներ (էական չէ` դեպի լավը, թե` դեպի վատը) և լինելու է նոր իրավիճակ:
Այս խորագրի առաջին թեման տիտղոսային ընդդիմություն` ՀԱԿ-ն է:

ՀԱԿ-ի ապագան և օրակարգը

Նախքան ապագային անցնելը մի փոքր ետ գնանք: Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուց հետո մեկ հարց է ինտենսիվ քննարկվում` ՀԱԿ-ը վերջացավ, թե` ոչ: Տարընթերցումներից խուսափելու համար պատասխանենք առավելագույն պարզ ձևակերպումներով: Իհարկե` չվերջացավ: ՀԱԿ-ը բրենդ է` քաղաքական հայացքների, տեսակետների և համոզմունքների: Այդ բրենդի կրողը Լ. Տեր-Պետրոսյանն է: Ոչ թե բազմաթիվ մանր-մունր կուսակցությունները` իրենց հայտնի կամ անհայտ լիդերներով, ոչ թե մեկ տասնյակից ավելի գործիչները, որոնց մասին շատ լավ գիտենք թե` ով ով է: Ոչ թե պայքարի կեսից Բաղրամյան 26-ի տակ հայտնված ազատականները, խմբագիրները, շահնազարյանները, արամզավենիչները և այլն: Սրանք բոլորն անցած էտապ են: Այս մարդիկ բաժանվում են երկու մասի. նրանք` ովքեր ինքնակամ հեռացել են և նրանք, ովքեր լինելով հաճախորդ, շարունակում են մնալ ՀԱԿ մասնիկ:
ՀԱԿ-ի ապագան բացառապես կախված է ՀԱԿ-ի օրակարգից: Եթե փետրվարի 19-ից սկսվող ժամանակահատվածի համար ՀԱԿ-ը ձևավորի ժամանակի և մարտահրավերներին համահունչ օրակարգ, ապա տեխնիկական արագ և գրագետ լուծումներով ՀԱԿ-ը կդառնա ուժեղ, ազդեցիկ կուսակցություն:
Այո, հենց կուսակցություն: Լ. Տեր-Պետրոսյանն այս պահին ունի բոլոր հնարավորությունները և բարոյական իրավունքը ՀԱԿ-ից ձևավորելու Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն: Այդ կուսակցությունում կհայտվեն և առաջատար դեր կստանձնեն այն գործիչները, ովքեր պայքարի բոլոր տարիներին պահել են արժանապատվությունը, չեն ծախվել, չեն դավաճանել, խուսափել են անիմաստ արմատականությունից, չեն խրախուսել ջարդելը, փշրելը, վառելը, իսկ ամենահարմար պահին լքել թիմը:
Լ. Տեր-Պետրոսյանը, իր 68-ամյա հեղինակությամբ, իր շուրջը կհավաքի բոլոր այն առողջ և արժանապատիվ երիտասարդներին, ովքեր պայքարի տարիների ընթացքում հղկվել են, աճել են և պատրաստ են քաղաքական մեծ ճանապարհի:
Պետության և հասարակության առջև Լ. Տեր-Պետրոսյանի ամենաառնցքային ծառայություններից մեկը կլինի հենց դա: Պետական-հասարակական ստագնացիայի փուլում նոր լուծումներ գտնել, նոր քաղաքական ուժ ձևավորել, երիտասարդ սերնդի նոր սերուցք ձևավորել: Ժամանակն է հասկանալ, որ անձրևի, ձյան տակ ցույցի դուրս եկող, հինգ տարվա մեջ 1 օր չհոգնող, գրագետ ու արժանապատիվ երիտասարդներից յուրաքանչյուր հարյուր շահնազարյան ու արամզավենիչ արժեն:
Սրան զուգահեռ` Լ. Տեր-Պետրոսյանն ունի բավական փորձառու և քաղաքական, պետական ճանապարհ անցած գործիչների թիմ: Այս երկուսի համադրումը, և Լ. Տեր-Պետրոսյանի անհատական հեղինակությունը թույլ կտա ամենամոտ ապագայում ունենալ առողջ, ժամանակակից, տեսանելի հեռանկարով քաղաքական ուժ:
Ավելին` սա կարող է համարվել առաջին քայլերից մեկը, Հայաստանի նեխած քաղաքական էլիտայի փոփոխության համար: Հասկանալի է, որ միայն ՀԱԿ-ի փոփոխությամբ այդ խնդիրը չի կարող լուծվել, դա մյուս ուժերի կողմից նույնես էական ջանքեր է պահանջելու, բայց առաջին նախագահը կարող է անել առաջին քայլերը:

Խոչընդոտներ Լ. Տեր-Պետրոսյանի ճանապարհին

Ակնհայտ է, որ առանց խոչընդոտների այս պրոցեսը չի կարող ընթանալ: Իշխանությունն անմիջապես խաղացնելու է դեռևս ՀԱԿ-ում մնացած իր բոլոր հաճախորդներին: Իշխանական քարոզչամեքենան նոր ինտենսիվությամբ է աշխատելու: Բայց սա լինելու է դատարկ աղմուկ: Եթե խնդիրը դրվի հստակ և որոշումը կայացվի վերջնական, ապա Լ. Տեր-Պետրոսյանը և նրա նոր թիմը ունենալու են անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ, լինելու են ավելի հասկանալի մյուս ուժերի, քաղաքական և հասարակական շրջանակների, ինչպես նաև հասարակության համար:

Իսկ եթե` ոչ
Իսկ եթե, այնուհանդերձ, որոշում կայացվի, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ նույնը, ապա այն սպասվածից ավելի կարճ ժամանակում կդադարի գոյություն ունենալ: Իհարկե, ՀԱԿ-ում կմնան մարդիկ, ովքեր անհատական մակարդակով կպահպանեն իրենց հեղինակությունն ու վստահելի գործընկերոջ համբավը` բայց միայն այդքանը: Կհոգնեն, ու աստիճանաբար այլ ոլորտներում իրենց կփորձեն գտնել ՀԱԿ-ին հարող երիտասարդները: Եվ երբեմնի ուժեղ ՀԱԿ-ը բոլորի աչքի առաջ կվերածվի “Արմատ” ակումբի: Սա նույնպես տարբերակ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ: Դրանից կտուժի Հայաստանը:

Վահրամ Գեւորգյան

Комментариев нет:

Отправить комментарий