Տիգարան Պասկևիչյան: Ընտրական գործընթացի զոհեր

Վերջին շրջանում, կարելի է ասել, սիստեմատիկ են դարձել Մարտի 1-ի զոհերի եւ նրանց հարազատների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքերը։ Պետք է հասկանալ, սակայն, որ իշխանությունների կողմից դրսեւորվող անհարգալից վերաբերմունքն ու սառն արհամարհանքն ուղղված են ոչ միայն կամ ոչ թե Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին եւ նրանց ընտանիքներին, այլեւ ողջ հասարակությանը։Անհարգալից վերաբերմունքն ու արհամարհանքը ուղղակիորեն վտանգում են հասարակության ապագան, որն այս պահին (գոնե իմ տեսանկյունից) ընտրություններից բացի ոչ մի այլ բանով պայմանավորված չէ։ Եւ ուրեմն փաստը, որ ձախորդ, ոչ կոմպետենտ հանձնաժողովի (անունը երկար չգրելու համար բավարարվենք Նիկոյանի ազգանունով) նախագահին նշանակում են Ազգային ժողովի նախագահ եւ դարձնում նրան երկրի փաստացի երկրորդ դեմքը, այլ կերպ չես մեկնաբանի, քան որպես թունդ հայհոյանք ազատ, արդար ու թափանցիկ ընտրության գաղափարի հասցեին։ Կարմրիկ թշիկներով այս մարդը, որ հանրությանը հայտնի է մառադյոր հանձնաժողովից (հայերեն «դիակապտիչ» բառը, չգիտեմ ինչու, մեղմ թվաց), լրագրողին ասում է, թե ինքը տանջվում ու չարչարվում է այնտեղ, որտեղ իրեն ուղարկում են հարազատ կուսակցությունն ու այդ կուսակցության ձեռը ք…ն ընկած պետությունը։ Եւ Հանրապետության երկրորդ մարդու աթոռը (թեկուզ կես տարով) զբաղեցնելու շանսը նա բացատրում է ոչ թե որպես կարմիր թուշիկներին պոնչո անելու նման խրախուսանք, այլ՝ սեփական քրտինքով վաստակած հաջողություն։ Ինձ համար, անկեղծ ասած, բոլորովին մեկ ու միեւնույնն է, թե ովքեր են այս երկրի երկրորդ, երրորդ, չորրորդ դեմքերը, ով է դատախազը, ով է դատավորը, ոստիկանապետ ում նշանակեցին, հարկերն ու տուրքերն ով է հավաքում, ով ինչ կրթություն ունի, եւ ով որ գաղտնի ծառայությանն է սպասարկում։ Ինձ համար բոլորովին մեկ ու միեւնույնն է, որովհետեւ մեր երկրի առաջին դեմքը ոչ թե ընտրվել է ընտրության իրավունք ունեցող եւ այդ իրավունքից օգտվող քաղաքացիների ձայների պարզ մեծամասնությամբ, այլ գրավել է N1-ի աթոռը 10 անմեղ զոհերի գնով։ Բավական երկար ժամանակ, քանի դեռ զգալի էր Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը, եւ մեծ էր նրա ազդեցությունը ներքաղաքական կյանքում (Սերժ Սարգսյանը շատ բաներ չէր անում, որպեսզի սխալ չհաներ իր նախորդին), N1-ի աթոռը զբաղեցնողը կարողանում էր պլստալ պատասխանատվությունից, իսկ հիմա, երբ ինքն ավելի քոչարյան է, քան Քոչարյանն ինքը, Մարտի 1-ը փորձում է ոչ թե արդարացնել, ոչ թե կոծկել-պարտակել, այլ դարձնել ընտրությունների ամենահավանական ելքը կանխորոշող գործիք։ Այսինքն, Նիկոյանին, Վահագն Հարությունյանին եւ Մարտի 1-ի պատասխանատվությունը կրող մյուսներին բարձր-բարձր պաշտոններ տալով, Փիլոյանին կարմրելու մարդկային հատկությունից ազատելով եւ Տիգրան Սարգսյանին սառը տրամաբանությամբ օժտելով` N1-ի աթոռը զբաղեցնողն այլ բան չի ասում, քան էշ նահատակ չդառնալու տրիվիալ նախազգուշացումն է։ «Աժ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանն առաջարկել է 2012 թվականի բյուջեի նախագծով 500 միլիոն դրամ հատկացնել Մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքներին, քանի որ զոհերը պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք են։ Կառավարությունը մերժել է այս առաջարկը՝ պատճառաբանելով այսպես. «Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններում պետական մարմինների գործողությունների ոչ իրավաչափությունը ապացուցված փաստ չէ». կարդում ենք «Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ի համարում։ N3-ի աթոռը զբաղեցնողի տրամաբանությունն այնքան կուռ ու կարծր է, որ մեծ հաջողությամբ կարող էր ասել, թե մարտի 1-ին ոչ մի զոհ էլ չի եղել, քանի որ ապացուցված չէ նրանց զոհվելու գործում պետական մարմինների գործողությունների իրավաչափությունը։ Իշխանություններն այսպես նախազգուշացնում են՝ դուրս գաք մեր դեմ, անտեր, անտիրական զոհեր եք դառնալու, որոնցով չեն հետաքրքրվելու ոչ միջազգային կառույցները, ոչ շահագրգիռ տերությունների դեսպաններն ու նրանց ղեկավարները, ոչ էլ «հայրենի» իշխանությունները։ Զոհերով կհետաքրքրվի ընդդիմությունը, բայց հասարակության սառը վերաբերմունքի եւ անտարբերության պայմաններում նա այլ բան չի կարող անել, քան այս կամ այն առիթով հարգանքի տուրք մատուցելն է։ Հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ հարթակից խոսում էին Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին, մի շատ հարգելի մարդ, ում ոչ մի դեպքում իշխանությունների կողմից ներդրված սադրիչ չես համարի, ասաց. «Է՜հ, էլի բան չունեն խոսալու, մարտի 1-ից են խոսում»։ Ազնիվ, բայց ժամանակավորապես մոլորված այդ մարդը հանրահավաքի էր եկել, որ իր անելիքն իմանա, իր գնալիք ճամփան գտնի, իսկ հռետորները, չգիտես ինչու, բանուգործ թողած` Մարտի 1-ից էին խոսում։ Ասելիքս գուցե անառարկելի եւ կոշտ թվա, բայց առանց Մարտի 1-ի ոճրագործության ճանաչման եւ դատապարտման, առանց զոհերի հարազատներից ներում խնդրելու, առանց նրանց բարոյական վնասները փոխհատուցելու, Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություն չի կարող լինել՝ ուզում է Սամվել Նիկոյանը դառնա հրեշտակ ու ճախրի ԱԺ-ի առաստաղներին մերձ, ուզում է Տիգրան Սարգսյանը դառնա սուրբ ու ճգնի Խոր Վիրապում, ուզում է N1-ի աթոռը զբաղեցնողը դառնա ՀՀԿ-ի էլեկտորատի (իրական էլեկտորատի) հոգեւոր հովիվն ու արածացնի իր գառներին՝ համաձայն ԵԱՀԿ-ի չափանիշների։ Չի լինելու, եւ ես չեմ վախենում կտրուկ եւ անառարկելի այս տոնից։ Չի լինելու, քանի դեռ մենք Մարտի 1-ին սպանված 10 հոգուն չենք հռչակել ընտրական գործընթացի զոհեր եւ այդ ձեւակերպումն ընդունել չենք տվել թե՛ ներսին. թե՛ դրսին:
Комментариев нет:
Отправить комментарий