Գոհար Վեզիրյան 27.02.2012
2012 թվականի հունվարի 1-ը, այսինքն` տարվա առաջին օրը, նշանավորվեց նաեւ նրանով, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանը պաշտոնապես դարձավ Գրքի միջազգային մայրաքաղաք։
Երեւանը 12-րդն է աշխարհի այն քաղաքների ցանկում, որոնք արժանացել են այս բարձր տիտղոսին։ Այս առիթով նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` տարվա ընթացքում վերանորոգվելու է 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, իսկ այնուհետեւ ծրագիր կա Երեւանում բացել 12 նոր գրախանութ։ Մինչդեռ ՀՀ վարչապետը «միջոցառումների» բոլորովին այլ ծրագիր ունի։
2011թ. դեկտեմբերին կառավարության կողմից ԱԺ ներկայացված, ըստ այդմ` ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն` նախատեսվում է 2012 թվականից ներմուծվող գրքերի, թերթերի եւ տպագրական մեքենաների վրա դնել մաքսատուրք` 10%-ի չափով։ Գիրք տարածողների ազգային ասոցիացիան, Հրատարակիչների ազգային ասոցիացիան եւ Տպագիր մամուլ տարածողների ասոցիացիան այս առիթով հայտարարեցին, որ նման փոփոխությունները մեծ վնաս կհասցնեն գրքի եւ պարբերական մամուլի զանգվածային տարածմանը։
«Դեմ ենք գրքերի թանկացմանը» ֆեյսբուքյան խմբում ընդգրկված են բավականին հեղինակավոր մարդիկ, որոնք այս օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից որեւէ սպասելիք չունենալով` գրքերի թանկացման դեմ պայքարի տարբեր ակցիաներ են քննարկում։ Որպեսզի առավել հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը` մեջբերենք այդ քննարկումներից մեկում գրված հաշվարկներից մեկը. «Առաջ ինչպե՞ս էր. հրատարակչությունը կամ անհատը գիրքը որոշակի գնով հանձնում էր գրախանութ, որն էլ իր կոմիսիոնը դնում էր գրքի վրա ու հանում վաճառքի։ Այսինքն, եթե գրախանութին գիրք էիր հանձնում 1000 դրամով, գրախանութն էլ վրան ավելացնում էր 400-500 դրամ, վաճառում, 1000 դրամը տալիս քեզ, 400-500-ի միջից հարկեր վճարում` ԱԱՀ, եկամտահարկ եւ այլն, եւ իրեն ամեն գրքից մնում էր մոտ 200-300 դրամ։ Քսան տարի շարունակ գրահրատարակիչներն ու գրավաճառները ասում են, որ գրահրատարակչության եւ գրքի վաճառքից ԱԱՀ-ն ընդհանրապես հանվի, հարկերը իջեցվեն, որ գրահրատարակչությունը զարգանա։ Կառավարությունը ճիշտ հակառակն արեց, նոր օրենքով ԱԱՀ-ն գանձվում է գրքի ամբողջ գումարից, այսինքն` եթե 1000 դրամով գիրք հանձնես, գրավաճառն էլ ավելացնի 400 դրամ, ապա ԱԱՀ-ն հարկվում է ոչ թե 400 դրամ կոմիսիոնից, այլ 1400-ից։ Այդ դեպքում ի՞նչ է ստացվում` բոլոր հարկերը տալու դեպքում վաճառքից մնում է մի 900 դրամ, այսինքն մի 100-150 դրամ էլ գրավաճառը պիտի ավելացնի, որ 1000 դրամը տա գրքի տիրոջը։ Բնականաբար պիտի թանկացնի գրքի գինը մի 500-600 դրամով, որ բոլոր հարկերը տալուց հետո իրեն մի բան մնա, ու այսպես 1000 դրամով ընդունած գիրքը պետք է վաճառի 1800-2000 դրամով։ Էս հըլը էժան գրքի դեպքում, իսկ եթե գրքի գինը 2000-ից բա՞րձր է, 3000 կամ 4000 դրա՞մ, ուրեմն գինը` 1000-1500 դրամով կթանկանա»։
Ի դեպ` «ՉԻ»-ն առաջինն էր, երբ օրենսդրական այս փոփոխության քննարկման ժամանակ բարձրաձայնեց խնդրի մասին, սակայն մեր հրապարակմանը հաջորդեցին իշխանական հեռուստաընկերությունների «պատասխան» ռեպորտաժները, թե որեւէ մեկը չի պատրաստվում թանկացնել գիրքը։ «Հենց այսօր «Նոյյան Տապան» գրատունը թարմացրեց ինձ հետ կնքված պայմանագիրը եւ տեղեկացրեց, որ 3000 դրամ արժեցող գիրքս այսուհետ վաճառվելու է 6000 դրամով». երեկ տեղեկացրել է Հովիկ Չարխչյանը։ Այսօր վարչապետը, ամենայն հավանականությամբ, կհանձնարարի անմիջապես հերքել ստահոդ լուրերը:
Комментариев нет:
Отправить комментарий