Վերջերս լրատու միջոցները եւ հեռուստաընկերութիւնները հրապարակեցին Մ. Գորգիսեանի մասին հեռուստահաղորդում եւ ընդարձակ տեղեկատուութիւններ, որոնցում փորձառու մարտիկների յորդորները անտեսելու անխոհեմութեան պատճառով 1990 թ. յունուարին ազէրի դիպուկահարի գնդակից սպանուած անձը յայտարարուեց նահատակ: Յիշեցնեմ, որ նահատակը նա է, որ գիտակցուած գնում է զոհաբերուելու` հաւատացած, որ միայն իր կեանքի գնով է հնարաւոր ապահովել իւրայինների կեանքն ու յաղթանակը:
Ազգ, հայրենիք, հայրենասիրութիւն, ազգային հերոս եւ մեր ոգեկիր այլ զօրաւորող եւ ուժաստեղծ-դաստիարակիչ հասկացութիւնները արժեզրկելուց յետոյ հերթը հասաւ նաեւ նահատակին, որն այլեւս անհանդուրժելի է:
Նշածս հաղորդումներից եւ յօդուածներից ոչ մէկի մէջ չի նշւում թէ Գորգիսեանին իր ո՞ր անելիքի համար են շնորհել Ազգային հերոսի կոչում, երբ տասնեակ ճակատումների մասնակից եւ հարիւրաւոր թշնամիներ զգետնած մեր հերոսները(օրինակ` Լեոնիդ Ազգալդեան) Ազգային հերոսի կոչում չստացան... Դրա փոխարէն բերում են նրան վերագրւող մի քանի գործեր, որոնք նա եթէ նոյնիսկ արած էլ լինէր, նման ծառայութիւններից եւ ոչ մէկը այդ տիտղոսին արժանանալու հիմքեր չեն:
Առաջին. որ նա իբր Օպերայի հրապարակում 1988 թ. մայիսի 28-ին անցկացուած ՀՀ անկախութեան 70 ամեակի տօնակատարութեանը առաջինն է բարձրացրել եռագոյնը:
Երկրորդ. որ անկախութեան համար պայքարում եղել է առաջնորդ եւ առաջամարտիկ:
Եւ երրորդ` որ իբր թէ հերոսի մահով զոհուել է Երասխաւանի կռիւներին:
Հայաստանի Հանրապետութեան 70-ամեակի նշումը նախապատրաստել, կազմակերպել եւ ղեկավարել եմ ինքս, որ հայրենիքից Պ. Հայրիկեանի վտարումից յետոյ այդ օրերին ղեկավարում էի ԱԻՄ կազմակերպութիւնը:Հանրահաւաքը իմ յանձնարարութեամբ բացեց ու վարեց օգնականս` Մեխակ Գաբրիելեանը, իսկ այդ օրը պարզուած եօթ եռագոյններից առաջինը իմ խնդրանքով հարթակ բարձրացրեց ու ծածանեց պրոֆ. Վարագ Առաքելեանը: Գորգիսեանի մասնակցութիւնը այդ պատմական հանրահաւաքին եղել է հետեւեալը. նա հանրահաւաքին կարդաց Հայաստանի անկախութեան 70-ամեակի առթիւ գրածս երկու Յորդորակները, իսկ հանրահաւաքի վերջում, իմ յանձնարարութեամբ, մի խումբ երիտասարդների հետ եռագոյնները պարզած` քայլեց Օպերայի հրապարակին հարող փողոցներով, որից յետոյ նոյն օրը Մեխակ Գաբրիելեանի եւ Գէորգ Միրզոյեանի հետ ձերբակալուեց:
Նա ոչ թէ ՀՀ անկախութեան առաջամարտիկ էր, այլ Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ Պարոյր Հայրիկեանի սակաւաթիւ զինւորներից մէկը: Յիշատակածս հաղորդումներից եւ ոչ մէկի մէջ այս անհերքելի իրողութիւնը չնշուեց, որը մեր նորագոյն պատմութան խեղաթիւրում, մերժում եւ անգոսնելի անտեսում է: Գորգիսեանը ճանաչում գտաւ Պարոյր Հայրիկեանի սակաւաթիւ զինւորներից մէկը լինելու շնորհիւ, ու յատկապէս անկախութեան `իմ կազմակերպած հանրահաւաքին մասնակցելու եւ մի խումբ երիտասարդների հետեռագոյնները պարզած Օպերայի հրապարակին հարող փողոցներով քայլելու շնորհիւ:Իսկ անկախութիւն գաղափարի հանրաւորողը եւ տարածողը այդ օրերին եղել է ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթը, որի գլխաւոր խմբագիրը եւ գաղափարատուն 1987 թ. հոկտեմբերից մինչեւ 1989 թ. մայիս ամիսը, ինքս էի:
Երասխաւանում նա ոչ մի թշնամու չի սպանել: Իր անփորձութեան պատճառով խփնուել է ազէրի դիպուկահարի գնդակից` պատճառ դառնալով իրօք որ հերոս Երուանդ Սաղումեանի եւ մէկ այլ երիտասարդի մահուան: Երուանդ Սաղումեանը եւ իր ընկերը փորձել են մահացու տեղից ետ բերել հրամանատարութեան (օրինակ` Սամուէլ Գեւորգեան) յորդորներին չենթարկւող անփորձ նորակոչին, բայց նրա կեանքը փրկելու փորձի ժամանակ երկուսն էլ զոհուել են: Փաստօրէն` նահատակ- հերոս հռչակուածը ոչ միայն թշնամական որեւէ զինւորի շարքից չի հանել, այլ իր անխոհեմ քայլով մեր երկու կռւողների մահուան պատճառ է դարձել: Արցախականի աւելի քան 5 տարիների մեր կռիւների ընթացքում երեւի թէ չի եղել մի երկրորդ այսպիսի դէպք, երբ երկու իւրային մարտիկների զոհուելու պատճառ դարձած մէկը սպանուելուց յետոյ հռչակուէր ազգային հերոս. իրօք որ եզակի ու անկրկնելի...
4 դեկտեմբերի 2011թ.
Ռաֆիկ Համբարձումեան

Комментариев нет:
Отправить комментарий