Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

12.02.2012

Նստուկի կաշին


Վերնագիրը` Հերմինե Նաղդալյան


Ռաֆիկ Գրիգորյան, Ռազմիկ Զոհրաբյան, Միշա Ստեփանյան, Արեգ Ղուկասյան, Արա Բաբլոյան եւ Հերմինե Նաղդալյան։ Ովքե՞ր են նրանք. պատասխան` մանդատավորներ, որոնք շարունակաբար, այդ թվում երեկ, ոչ միայն քվեարկել են ուրիշի փոխարեն, այլեւ ստել են։
Ստել են` հրապարակային հայտարարելով, թե իրենք չեն քվեարկել ուրիշի փոխարեն, ավելին` շատ վատ են գնահատում այդ երեւույթը։ Իրավիճակը միայն կարելի է մառազմ  բառով բնութագրել, որովհետեւ նորմալ մարդը չի կարող առանց աչքը թարթելու եւ բացահայտ ցինիզմով ծաղրել լրագրողական համայնքին` ասելով, թե «Ձեզ ո՞վ է ասել, որ ես ուրիշի փոխարեն եմ քվեարկել, ես իմ փոխարեն եմ քվեարկում»։ Այսպիսի «մուննաթ դեմքով» է երեկ լրագրողին պատասխանել Հերմինե Նաղդալյանը` միաժամանակ ասելով, թե վատ է վերաբերվում ուրիշի փոխարեն քվեարկողներին։ Ի դեպ` Հերմինե Նաղդալյանի հարեւանությամբ նստում է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, եւ Նաղդալյանն իր գործընկերների ձայները կեղծում է «եվրոպոիդ» Դավիթ Հարությունյանի հայացքի ներքո։ Հետո նրանք երկուսով սկսում են հրճվալից հայացքով երկխոսության բռնվել։ Կասեք` ի՞նչ է եղել. սովորական երեւույթ է մեր խորհրդարանում ուրիշի փոխարեն կոճակ սեղմելը։
Հարց է առաջանում` եթե Սերժ Սարգսյանը այս ավանդույթը ԱԺ-ում վերացնելու նպատակ չուներ,  ապա ինչո՞ւ հին կոճակները փոխարինվեցին նոր համակարգչային տեխնոլոգիաներով։ Ինչո՞ւ այդ ամենն արվեց ուրիշի փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկային վերջ տալու կեղծ հայտարարությունների ներքո։ Հիմա հասկացանք` փողեր էիք ուզում լվանալ` լվացիք, համակարգչային տեխնիկան բերեցիք,  պետության, այսինքն` հարկատուների փողերով ֆինանսավորեցիք ծրագիրը, «ատկատը» բաժանեցիք իրար մեջ ու հանգստացաք։ Բայց սա այլ օպերայից է։
Խնդիրն այն է, որ ուրիշի ձայնը կեղծելը, տվյալ պարագայում ուրիշի փոխարեն քվեարկելը, քրեական հանցագործություն է։ Քրեական հանցագործը, որպես կանոն, բռնվելուց հետո ամաչում է նայել տեսախցիկին, ձեռքերով փակում է դեմքը, գլուխը  կախում է, խոսում է ցածր ու անվստահ ձայնով, անգամ տեսախցիկի առերեսմանը չդիմանալով` շատ հաճախ տեղի է տալիս ու հրապարակային զղջում։ Բայց ԱԺ պատգամավորները, որոնք քրեական հանցագործություն են կատարում, այլ կերպ են վարվում։ Օրինակ, Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջեւ անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ու արհամարհական տոնով ժխտում է արձանագրված փաստը։ Գլուխը չի կախում, չի կարմրում, սույն տիկինը գեթ մեկ ակնթարթ իրեն վատ չի զգում։ Վարքաբանական եզակի նմուշ է, ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ հոգեբանների, հոգեբույժների, վարքաբանների համար։ 
Վստահ ենք, որ նույն թեթեւությամբ ու նենգությամբ Հերմինե Նաղդալյանը ստում է իր ընտանիքի անդամներին` երեխաներին ու ամուսնուն, իր ընկերներին, ՀՀԿ-ական գործընկերներին։ Ընտրողներին չենք ասում, որովհետեւ Նաղդալյանը ընտրողներ չունի. նրան դժվար թե սեփական ընտանիքի անդամներն անգամ ձայն տան։ Այս տիկնոջը մանդատը «շպրտվում» է ՀՀԿ ցուցակի շրջանակներում։  Եվ այս առումով Նաղդալյանը լրիվ համապատասխանում է ՀՀԿ չափանիշներին` խաբել, թքած ունենալ եղած փաստերի վրա, չգիտակցել, որ ինքը քրեական հանցագործ է, չհասկանալ, որ իր նմանների գոյությունը խորհրդարանում ազգային անվտանգության խնդիր է դարձել։ ՀՀԿ՞-ն է փչացնում մարդկանց, թե՞ փչացածներն են փչացնում ՀՀԿ-ն. սա այն դեպքն է, երբ կողմերն իրար համարժեք են, եւ այդ պատճառով է, որ այս միությունը տարիներ շարունակ ամուր է, որ Նաղդալյանին հանդուրժում են ամեն ինչ, անգամ ՀՀ քաղաքացիների ձեռքից բնակարաններ խլելն ու նրանց չորով «քցելը»։ 
Սերժ Սարգսյանին տարեվերջին նամակով դիմել էին Գ. Չաուշի 14/3 շենքի տուժած բնակիչները. «Հերթական անգամ Ձեզ ենք դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժված բնակիչներս եւ հայտնում, որ Ձեր անմիջական հսկողության տակ գտնվող քրեական գործը շուրջ 10 ամիս վարում էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը` Վաղինակ Ջանազյանի  ղեկավարությամբ։ Այդ ընթացքում մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, թե ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, թե ՀՀ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանը մեզ բազմիցս վստահեցրել են, որ գործը գտնվում է Ձեր անմիջական վերահսկողության ներքո, որի արդյունքում, տուժած բնակիչների մի զգալի մաս դարձավ իր բնակարանի սեփականատերը, իսկ դեռ շուրջ 40 բնակարան իրական տերերին դեռեւս չեն հատկացվել։ Անցած 10 ամիսների ընթացքում քննչական խմբի ղեկավարը, ինչպես նաեւ ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը բազմիցս հայտարարել են, որ ապացուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի կողմից «Նորաշեն 2007» ՍԿ-ի նախագահ Արմեն Թադեւոսյանին եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանին ամսական 5% տոկոսադրույքով գումար տալու փաստը։ Նախաքննությունն ավարտվել է եւ մնացած բնակիչներն էլ նախաքննության ընթացքում հիմնավորված փաստերով կարող էին դատարանի վճռով ետ ստանալ իրենց բնակարանները։ Սակայն, մեզ համար անսպասելիորեն, քննչական խմբի ղեկավարի մի որոշում է փոփոխվել», ասված էր նամակում։ Հետո շարադրված էր, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի մասով հետեւյալը. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5 տոկոս` ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք` ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»։ Այս հաստատված փաստը հաշված 4 օրերի ընթացքում դատախազությունը «ջրել է»։ Ուստի բնակիչները հայտարարել են, որ նույն գործելակերպը շարունակվելու է ապագա ընտրություններից հետո, դրա համար  ավելորդ են համարում իրենց` ընտրություններին մասնակցելու  սահմանադրական իրավունքը եւ ցանկանում են օր առաջ լքել Հայաստանը`  հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից։
Նամակի վերջում ասված էր. «Մեծարգո պարոն նախագահ, մեր համոզմամբ որոշումը փոփոխվել է ոչ թե օրենքի պահանջներից ելնելով, այլ գործել են Հերմինե Նաղդալյանի թելադրանքով։ Մի՞թե ԱԺ աղմկահարույց մեկ պատգամավորի համար արժեր ոտնահարել մոտ 20 ՀՀ քաղաքացիների իրավունքը եւ սպանել բնակարան ստանալու երկար տարիների նրանց հույսը»։
Ինչպես արդեն հասկացաք` արժեր։ Սերժ Սարգսյանի համար քրեական հանցագործն ավելի կարեւոր արժեք է, քան շարքային ՀՀ քաղաքացին։ Ամեն օր դրանում համոզվում ենք. երեկվա Հերմինե Նաղդալյանի օրինակն էլ հերթական փաստերից մեկն է։


Գոհար Վեզիրյան 11.02.2012 

Комментариев нет:

Отправить комментарий