Ճիշտ քարոզչությունը փողից թանկ է
Ընտրությունս գաղտնի թող մնա
Այս անգամ ընտրությունները չեն կեղծվելու

Որքան խորհրդարանական ընտրությունները մոտենան, այնքան սոցիոլոգներն ակտիվանալու են։ Ահարոն Ադիբեկյանն ու Գեւորգ Պողոսյանն, օրինակ, արդեն իսկ ակտիվացել են ու ինչ-որ արդյունքներ են հրապարակում, որոնց համաձայն` առաջիկա ընտրություններում առաջին երեք տեղերը զբաղեցնելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը։ Իշխանություններն էլ, բնականաբար, ձգտում են այս արդյունքներն օգտագործել քարոզչական նպատակներով, ինչն, ի դեպ, անպայման չի նշանակում, թե այս սոցիոլոգները պատվեր են կատարել։ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներն ընդհանրապես անիմաստ են, որովհետեւ երբ աշխատակիցը մտնում է մեկի տուն ու հարցնում, թե ո՞ւմ է ընտրելու, հարցվողը նախ կասկածանքով նայում է նրան, հետո մի քիչ մտածում` «տո լավ, շառից-փորձանքից հեռու» եւ տալիս ՀՀԿ-ի անունը։ Այսինքն` եթե որեւէ հարցման արդյունքում Կոնգրեսն, օրինակ, 8 տոկոս ունի, դա չի նշանակում, որ Կոնգրեսի վարկանիշն 8 տոկոս է։ Դա նշանակում է, որ հարցվողների 8 տոկոսն է համարձակություն ունեցել բարձրաձայն ասել այդ մասին։
Բայց վերադառնանք քարոզչությանը։ Կարծում ենք` այս ասպարեզում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը լուրջ սխալներ են թույլ տալիս։ Իշխանություններն, օրինակ, գիշեր-ցերեկ խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն մեծ առավելությամբ հաղթելու է, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը երաշխավորված է, դա ընդհանրապես կասկածից վեր է եւ այլն։ Որպես գովազդային տրյուկ` սա գուցեեւ լավ է «Աֆտաբ» յուղի համար, բայց կուսակցության դեպքում չի գործում։ Բնակչության մեծ մասը գուցե իսկապես «Աֆտաբ» է օգտագործում, բայց ոչ թե այն պատճառով, որ որակյալ է, այլ որովհետեւ էժան է։ Բացի այդ, էլ ինչո՞ւ պիտի ՀՀԿ համակիրները (մի պահ ենթադրենք, որ այդպիսիք նույնպես կան) մասնակցեն ընտրություններին, եթե առանց իրենց էլ ՀՀԿ-ի հաղթանակը երաշխավորված է։ Մի խոսքով` Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել նույն վիճակում, որում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 1996-ին, երբ նրա համակիրները, վստահ լինելով մեծ առավելությամբ հաղթանակի վրա, հանգիստ նստել էին տանը եւ հարկ չէին համարել մասնակցել ընտրություններին։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանի «մարտավարությունն» ուրիշ է. նա կարիք չունի մարդկանց կոչ անել անպայման մասնակցել ընտրություններին, որովհետեւ բացակայողների ձայներն իրենն է համարում (մտածում է` «նկարողը կնկարի»)։
Հիմա ընդդիմության հիմնական սխալի մասին։ Ոչ մի դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ ընտրություններն անպայման կեղծվելու են, որովհետեւ դա հուսահատեցնում է մարդկանց, իսկ հուսահատ մարդը քվեարկության չի գնում։ Ճիշտ հակառակը` պետք է ասել, որ ընտրությունները չեն կեղծվելու, եւ հաղթելու է այն ուժը, որն առավելագույն ձայներ կստանա։ Իհարկե իշխանությունները փորձելու են կեղծել ընտրությունները, ընտրակաշառք բաժանել եւ այլն, բայց մարդիկ պիտի իմանան, որ դա օգուտ չի տալու։ Ընդ որում` ընտրակաշառք չվերցնելու կոչերն ու հորդորներն առանձնապես արդյունավետ չեն լինելու (ինչպես եւ ցանկացած բարոյախոսություն), առավել եւս` սոցիալական այս ծանր պայմաններում։ Հետեւաբար` պետք է այնպես անել, որ ոչ թե մարդիկ կաշառք չվերցնեն, այլ իշխանությունները կաշառք չբաժանեն։ Իսկ իշխանությունները կաշառք բաժանելուց կհրաժարվեն միայն մի դեպքում` եթե իմանան, որ դա օգուտ չի տալու։ Պարզ ասած` ընդդիմությունը պիտի հասնի նրան, որ քվեարկությունը գաղտնի լինի, այսինքն` կաշառք տվողը չկարողանա պարզել` վերցնողն իր պահանջած ձեւո՞վ է քվեարկել, թե՞ ոչ։ Եվ կաշառք վերցնողն էլ (հրաժարվելը շատերի համար իսկապես դժվար է) պիտի վստահ լինի, որ իր քվեարկությունը բացարձակապես չի վերահսկվում, եւ ինքը կաշառք տվողի հանդեպ միայն «բարոյական պարտավորություն» ունի (եթե ընդհանրապես այդ հարցում կարող է բարոյական պարտավորություն լինել)։ Մի խոսքով, ընդդիմությունն իր քարոզչության հիմնական շեշտը պիտի այս հարցի վրա դնի։ Այո, ընտրակաշառքը բաժանվում է շենքերի մուտքերում կամ ԺԷԿ-երում, եւ դա կանխելը դժվար է, բայց բուն քվեարկությունը տեղամասերում է կատարվում։ Այսինքն` պետք է ընդամենը մի հարց լուծել. այնպես անել, որ ընտրողը թաքուն քվեարկի։ Թող ինչքան ուզում են` դրսում կաշառք բաժանեն։ Եվ ընտրողին պիտի հարյուր տոկոսանոց երաշխիքներ տալ, որ իր քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է։ Իշխանություններն իրենց «պայքարը» տեղամասերից դո՞ւրս են կազմակերպում. շատ լավ, ընդդիմությունն էլ թող տեղամասերում կենտրոնանա։
Այնպես որ` ընտրությունները չեն կեղծվելու։ Պարզապես դրա համար պետք է պայքարել։
Комментариев нет:
Отправить комментарий