Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փաստորեն «չուժոյ պախմել» կարգին քաշվել է։ Երեկ նա մի հայտարարություն է տարածել Մաշտոցի պողոտայի աղմուկ հանած կառուցապատման թեմայով, որտեղ փորձել է «սիրելի երեւանցիներին» բացատրել, թե ինչն ինչոց է, եւ ինչպես է ինքը «չուժոյ պախմել» հայտնվել անելանելի վիճակում։ Եվ քանի որ այս պատմությունը խիստ բնորոշ է այսօրվա Հայաստանի համար, փորձենք մինչեւ վերջ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում։
Տարոն Մարգարյանը նախ հայտարարում է, թե «առանց սեփականության իրավունքի անհնար է որեւէ զարգացում, հանրային կարեւորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում, սեփականությունը հանրային կարեւորագույն գործառույթ է իրականացնում» եւ այլն։ Ոսկի խոսքեր են։ Հետո նա բացատրում է, որ Մաշտոցի պուրակը որպես փոխհատուցում տրվել է Աբովյան փողոցի «առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով» տեղակայված կրպակների սեփականատերերին։ Սա թերեւս ամենահետաքրքիրն է։ Հիմա պատկերացրեք` շարքային քաղաքացին մտնում է քաղաքապետի աշխատասենյակ ու ասում. «Պարոն քաղաքապետ, ես ուզում եմ Երեւանի կենտրոնում, առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա մի այլանդակ շինություն կառուցել, որն անպայման խաթարելու է մայրաքաղաքի դեմքը։ Թույլտվություն կտա՞ք»։ Քաղաքապետն էլ ասում է. «Բա իհարկե, գնա կառուցիր, հետո էլ կմիջնորդեմ` սեփականության վկայական կտան»։ Հնարավո՞ր է այդպիսի բան։ Իհարկե հնարավոր չէ։ Բայց Աբովյան փողոցի կրպակատերերի համար փաստորեն հնարավոր է եղել։ Ի՞նչ եք կարծում, այդ մարդիկ ձրի՞ են «առավելապես մայթերի եւ կանաչ գոտու վրա» շինթույլտվություն ստացել։ Ընդ որում, թե կոնկրետ որ քաղաքապետի օրոք է դա տեղի ունեցել` հայտնի չէ, բայց Տարոն Մարգարյանը հաստատ դրա հետ կապ չունի։
Հետո տեղի է ունեցել ավելի տարօրինակ բան։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանի «դրայվը» բռնել է, ու նա որոշել է ապամոնտաժել այդ կրպակները։ Դրանց տերերին համարժեք տարածք է խոստացել (որպեսզի հանկարծ աղմուկ չբարձրացնեն ու չպատմեն, թե ինչպես են տեր դարձել այդ կրպակներին) եւ ինքը թռել Հայաստանից։
Հիմա առանձնացնենք երկու կարեւոր հանգամանք։ Առաջին։ Ինչո՞ւ է միայն մեծահարուստների սեփականությունը «հանրային կարեւորագույն գործառույթ»։ Օրինակ` որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Երեւանի ծայրամասերի խեղճուկրակ կրպակատերերի ունեցած-չունեցածը ջարդուխուրդ անելուց առաջ քաղաքապետարանը նրանց համարժեք փոխհատուցում առաջարկեր։ Ինչ-որ բան, իհարկե, առաջարկում էին։ Առաջարկում էին տասնհինգ րոպեում եղած-չեղածը հավաքել եւ մեծատառ «Ս» գրել։ Լավ, հասկացանք, այդ կրպակների մեծ մասն անօրինական էր, բայց միջի ապրանքն էլ հո օրինական էր. ո՞վ էր իրավունք տալիս այդ մարդկանց սեփականությունը թափել գետնին ու տրորել։ Երկրորդ։ Եթե ժամանակին ինչ-որ քաղաքապետ գլխից մեծ ղալաթ է արել` թույլ տալով խանութներ կառուցել Աբովյան փողոցի «առավելապես կանաչ գոտու վրա», թող նա էլ հիմա համարժեք փոխհատուցում տա այդ մարդկանց, ինչո՞ւ է դա արվում քաղաքի հաշվին։ Եվ ինչո՞ւ պիտի այդ ամենի համար պատասխան տա Տարոն Մարգարյանը։
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նա չի՛ կարող բարձրաձայն խոսել այս մասին։ Թե ինչու` հասկանալի է։ Աբովյան փողոցի ապօրինի կառուցապատումն, ինչպես հայտնի է, իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ այդ գործում հսկայական գումարներ են շրջանառվել։ Որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ գումարներից փայ չեն ունեցել։ Իհարկե չի հավատում. նրանք վերահսկում էին քաղաքի կենտրոնի յուրաքանչյուր քառակուսի մետրը եւ «ատչոտ» էին պահանջում ցանկացած գործարքի համար։ Այսինքն` Տարոն Մարգարյանը, մեծ հաշվով, հիմա նրանց արածների հետքերն է պարտակում։ Իրեն մնար` ոչինչ էլ չէր անի, բայց Սերժ Սարգսյանը շատ պարզ է ասել. «Տարո՛ն, դու պարտավոր ես արդարացնել մեր վստահությունը»։ Հիմա ստիպված` արդարացնում է։ Վերջին հաշվով` Աբովյան փողոցի «տուժածների» մեջ շարքային մարդիկ չկան, մեջի շարքայինն էլի Տարոնն է։ Իսկ այդ միջավայրում ընդունված է հարգել ստվերային պայմանավորվածությունները։ Առավել եւս, որ տուժողն «ընդամենը» Երեւանն է, այսինքն` «ավտարիտետ» տուժողներ չկան։
Այնպես որ` Տարոն Մարգարյանն իսկապես «չուժոյ պախմել» է տուժել։ Պարզապես «չուժոյները» լավ էլ հայտնի են։
Комментариев нет:
Отправить комментарий