Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

23.03.2012

Հասկացողը կհասկանա

Քոչարյանի խուճուճ պատասխանը

լուսանկարը՝ Գ. Շամշյանի
Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվել, որ Սուքիասյանի դեպքում իրենք մի մոտեցում են դրսեւորել, իսկ Մադաթյանի դեպքում` այլ: Ներկայացնում ենք նրա հետ հարցուպատասխանը:
- Պարոն Քոչարյան, Սուքիասյանի տեղեկանքի վերաբերյալ որոշումը ձե՞ր վարչությունն է կայացրել:
- Առաջին որոշումը կայացվել է Էրեբունու անձնագրային բաժնում, երբ որոշվել է նրան տեղեկանք տրամադրել, հետո` երկրորդ գրությունը, որպեսզի տեղեկանքն անհետեւանք թողնվի, այստեղից է գրվել` իմ ստորագրությամբ:
- Ի՞նչն է եղել առիթը, որ դուք հատուկ զբաղվել եք Սուքիասյանի տեղեկանքի խնդրով:
- Հատուկ զբաղվելու հարց չկա, ի պաշտոնե եմ զբաղվել, քանի որ ես համարվում եմ կենտրոնական ռեգիստրը վարող մարմին (ՀՀ բնակչության կենտրոնական ռեգիստրի մասին է խոսքը): Իսկ առիթ` որպես այդպիսին ծառայեց զանգվածային լրատվության միջոցներով մի շարք հրապարակումներ, որոնք մեր ուշադրությունը սեւեռեցին խնդրի վրա, որպեսզի կրկին անգամ ստուգենք փաստական հանգամանքները տեղեկանք տրամադրելու:
- Իսկ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին, որը հանրությանը հայտնի է «Խուճուճ Էդո» մականունով, տեղեկանք տրամադրելու հարցը հատուկ ուսումնասիրե՞լ եք:
- Միանշանակ:
- Ի՞նչ եզրակացության եք հանգել:
- Եզրակացությունն այն է, որ ՀՀ-ից տեւական ժամանակով չի բացակայել, ըստ ՍԿՏ համակարգի (սահմանային կառավարման տեղեկատվական համակարգ) տվյալների, ի տարբերություն ձեր կողմից նշված քաղաքացու (Խաչատուր Սուքիասյանին նկատի ունի- Վ.Հ.):
- Եթե տեղյակ եք, Մադաթյանը 2005-ից հետախուզման մեջ է եղել եւ Հայաստան է վերադարձել 2008-ի օգոստոսի 13-ին: Ինչպե՞ս է, որ նա տեւական ժամանակ չի բացակայել:
- Դուք որտեղի՞ց գիտեք` ինքը դրսում որտեղ է եղել, որ վերադարձել է:
- Նա Հայաստանում չի եղել եւ վերադարձել է 2008-ին, այդպես չէ՞:
- Նման տվյալներ որտեղի՞ց ունեք:
- Երբ վերադարձել է, նրան օդանավակայանում դիմավորողների մեջ նաեւ լրագրողներ են եղել, այդ մասին նաեւ հրապարակումներ են եղել:
- Ցանկացած անձի ելքումուտքի մասին պաշտոնական աղբյուրը կամ տվյալների բազան, որը հիմք է տալիս նման բան փաստել, դա ՍԿՏ համակարգն է: ՍԿՏ համակարգը վարող լիազոր մարմինը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է: Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս իրավունք ունի այդ համակարգից օգտվել: ՍԿՏ համակարգի տվյալները ստուգվել են, եւ հետեւություններն արվել են ըստ դրանց: Այնպես որ, ձեր կողմից հիշատակված թեկնածուի (Էդուարդ Մադաթյանի- Վ.Հ.) եւ նման տվյալներ մենք չունենք նրա մուտքի եւ ելքի վերաբերյալ, որ Հայաստանի Հանրապետությունից բացակայել է ձեր ասած ժամանակում` վերջին 5 տարում: Հետախուզման մեջ գտնվելով, մարդը կարող է նաեւ Հայաստանում լինել: Իսկ այն տարբերակը, որ նա հետախուզման մեջ գտնվելուց կարող էր Հայաստանից սահմանային անցակետով պաշտոնապես դուրս գալ, դա անհնար է: Նրան սահմանին կբռնեին:
- Նա Հայաստանից հեռացել է մինչեւ իր նկատմամբ հետախուզում հայտարարելը` 1-2 օրվա տարբերությամբ եւ վերադարձել է 2008-ին: Այս ամենը հանրահայտ տվյալներ են, եւ ժամանակին մամուլում այդ մասին գրվել է: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:
- Ձեր նշած տվյալները մեր կողմից ուսումնասիրված աղբյուրում չկան, եթե լինեին, կմերժեինք նաեւ իրեն, բայց չկային, իրավական հիմք չունեինք: Մենք չԷինք կարող այդպես հանրահայտ փաստով մերժել: Իսկ փաստն այն էր, որ ՍԿՏ-ում տվյալ չկար:
- 2009-ի նոյեմբերին ոստիկանությունը հրաժարվել է Մադաթյանին նույն այդ մշտական բնակության տեղեկանքը տրամադրել, որպեսզի նա թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվեր եւ մասնակցեր 2010-ի հունվարի 10-ին այդ ընտրատարածքում նշանակված լրացուցիչ ընտրություններին: Այդպես չէ՞:
- Մադաթյանի մասով հատ-հատ ստուգել ենք: Ձեր այդ տվյալը ստու՞յգ է: Ես հեսա կստուգեմ:
Քոչարյանին զանգահարեցինք որոշ ժամանակ անց:
- Պարոն Քոչարյան, ստուգումների արդյունքում ի՞նչ պարզվեց:
- Նա 2009-ի մարտին դիմել է Երեւանի ավագանու թեկնածու առաջադրվելու համար վերջին երեք տարում համայնքում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք ստանալու համար, եւ նրան նման տեղեկանք տրվել է: Տեղեկանքը նա ստացել է մարտի 18-ին: Այսինքն, եթե 2009-ին մենք նրան տեղեկանք ենք տվել, որ վերջին երեք տարում մշտապես Հայաստանում է ապրել, ուրեմն 2012-ին` վերջին հինգ տարվա վերաբերյալ հաստատ պիտի տայինք:
Իրականում տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը կամ ավելի կոնկրետ` 1952 թվականի դեկտեմբերի 11-ին ծնված Էդուարդ Ավետիքի Մադաթյանը 2009-ի Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցել: Այդ ընտրություններին` ՀՀԿ համամասնական ցուցակով (153-րդ համար) ավագանու թեկնածու է գրանցվել 1959 թվականի օգոստոսի 22-ին ծնված Էդուարդ Արմենակի Մադաթյանը: Այսինքն, ՀՀ ոստիկանությունը մեկ այլ Էդուարդ Մադաթյանի ժամանակին տեղեկանք տալու հիմքով տեղեկանք է տրամադրել նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին: Սրա անունը աճպարարություն է, ուրիշ ոչինչ:

Комментариев нет:

Отправить комментарий