Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

22.03.2012

Փողը դեր խաղացել է


Սերժը կախվել է պղպջակներից
ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, բանաստեղծ, հասարակական գործիչ Մերուժանը (Հովհաննիսյան) երեկ իր կարծիքն է հայտնել ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ:
- Մերուժան, մինչեւ ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, թե ՀՀԿ-ն նոր դեմքով է հանդես գալու, նոր արյուն, նոր շունչ, նոր մարդիկ են լինելու: Դուք նման բան տեսնո՞ւմ եք այդ ցուցակում, ու ի՞նչ տպավորություն է ձեզ վրա թողել այդ ցուցակը:

- Քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի առաջնորդվում որեւէ գաղափարախոսությամբ, որեւէ ընտրություն կատարելիս, այդ թվում նաեւ ներկայիս ցուցակը կազմելիս, չէր կարող առաջնորդվել սոսկ գաղափարախոսությամբ: ՀՀԿ-ն պարզապես կորցրել է իր ղեկը, իր գաղափարախոսությունը, այսօր նա ցուցակ է կազմել, ընտրելով այն անձանց, ովքեր նախկինում նույնիսկ ընդդիմախոսել են այսօրվա նախագահին: Նա միայն անձնական շահախնդրությամբ է կազմել այս ցուցակը:  Դրանով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր թուլությունը: Նա կառչում է այն պղպջակներից, որոնք ոչինչ չեն տալու իրեն, եթե վաղը լինի փոթորիկ կամ նավաբեկություն այդ կուսակցությունում: Եթե ՀՀԿ նախագահը ցանկանար նոր ուժեր բերել, կային խելացի մարդիկ, կարելի էր ներգրավել նույնիսկ անկուսակցականների, որոնք կարող էին երկիրը կերտելու նոր ուղիներ գտնել:
- Այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այսկերպ կազմեց ցուցակը:
- Միայն մի նպատակ ունենալով` վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գալու է եւ միանալու է ՀՀԿ-ին: Եթե ոմանց թվում է, թե այդպիսով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, սխալվում են նրանք: Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն, եւ նրան Սերժ Սարգսյանը չի կարող խոչընդոտել: Մենք կրկնում ենք ռուսական քաղաքականությունը, այն, ինչ կատարվել է Ռուսաստանում, պարզ կապիրովկա է Հայաստանի համար, մենք չենք ունենալու նոր պետություն, նոր գաղափարախոսություն ունեցող երկիր, եթե դա չանի Հայ ազգային կոնգրեսը, որն իր մեջ պարունակում է բավականաչափ պոտենցիալ, նրա ներկայացուցիչների մեծ մասը խելացի են, հեռատես:
- Լավ, մականունավորներն ինչո՞ւ ընդգրկվեցին ՀՀԿ ցուցակում: Ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ օլիգարխներ եւ մականունավորներ այս անգամ իրենց ցուցակում չեն լինելու:
- Դա քաղաքական ֆարս էր, այդ հայտարարությունը պարզապես վարագուրեց, սքողեց այն տրամադրությունը, որն առկա էր, այսինքն` ընդվզումներից զերծ մնալու համար այդ հայտարարությունը արեց, իսկ իրականում կատարեց հակառակը: 
- Ո՞ր ընդվզումներից, ո՞ւմ ընդվզումներից:
- Ըմբոստ ուժերի, այդ թվում` ընդդիմության: Դուք գիտեք, որ ժողովուրդը համատարած ատում է այս իշխանությանը, իսկ այս իշխանության տնտեսական նեցուկը այդ գործարարներն են, որոնք մատակարարի դեր են կատարում:
- Այս պահին ցուցակ են ներկայացրել նաեւ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», ինչպես նաեւ Կոնգրեսի առաջին տասնյակն է հայտնի, դրանց ինչպե՞ս եք վերաբերվում:
- Ինձ թվում է, անհաջողության է մատնված «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» միասնական ճակատը, նրանց միասնությունը ձեւ է, ուստի նրանց պռավալի մատնելը  գործող իշխանության համար մեկ անգամ մեկ է: Որեւէ պայմանավորվածություն չեմ տեսնում, որ նրանց ցուցակում ներկայացված մարդիկ մտնեն Ազգային ժողով: Կոնգրեսը խելացի է, նրանից քաշվում են, ձգվում են, որովհետեւ ի վերջո քաղաքական պոտենցիալ եւ հեռանկար ունեցող ուժ է: Կոնգրեսը կարող է ասելիք ունենալ ապագա խորհրդարանում, անկախ նրանից, թե այդ խորհրդարանում նրա ընդդիմախոսները ովքեր են լինելու, որովհետեւ հանրապետության առաջին նախագահը այլ կերպ է խորհում: Այն խաժամուժը, որը կազմել է ՀՀԿ-ն, չի կարող հակառակվել Կոնգրեսի առաջարկներին, որովհետեւ Կոնգրեսն ունի այնպիսի խելացի մարդիկ, ինչպիսին Հրանտ Բագրատյանն է, որոնք կգան, բավարար ուժեր կան, որոնք կարող են բեկում մտցնել Ազգային ժողովի մեռյալ կետի մեջ:
- Այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրեն ոչ ձեռնտու ցուցա՞կ է կազմել, ինչո՞ւ:
- 100 տոկոսով, այսօրվա նրա կազմած ցուցակը եթե վաղը փոփոխության չենթարկվի, այդ ցուցակը թելադրում է ՀՀԿ ղեկավարի եւ այդ կուսակցության պռավալը:
- Բայց կարծում եք` կփոփոխի՞:
- Համոզված եմ, որ ինչ-որ բան կփոխի, որովհետեւ նա այն մարդը չէ, որ հախուռն կերպով որոշի, նա մի անգամ եւս կանդրադառնա ցուցակին, գոնե ես համոզված եմ, որ այսօրվա նախագահը այդքան խելք ունի:
- Այդ դեպքում այսպես չէր կազմի իր ցուցակը:
- Այսպես կազմվում են ցուցակները, հետո վերանայվում են, ինձ թվում է` նա վերստին կխորհի այդ ցուցակի մասին: Այնտեղ ավելորդ մարդիկ շատ են: Նույնիսկ ծիծաղելի բան է առաջարկվում, ասվում է, որ Շուշան Պետրոսյանը պիտի ապագայում նշանակվի մշակույթի նախարար, ամոթ չէ՞: Մենք նշանակում ենք մի երգչուհու, որը ոչինչ չունի ասելու մեր մշակույթին, բացի երգելուց: Ես համոզված եմ, որ այս ցուցակները կվերանայվեն, մի բանում էլ եմ դժբախտաբար համոզված` այդ ցուցակում չեն փոխվի ղարաբաղյան թեւի ներկայացուցիչները, ինչպիսին են Համլետ Հարությունյանը եւ մյուսները: Նրանք հաստատուն են: Դրանով Սերժ Սարգսյանը Քոչարյանի խաթրն է առնում է, ի վերջո` նրա ներկայացրած տղաներն են դրանք:
- Այսինքն, Քոչարյանը ինչ-որ դեր խաղացե՞լ է այդ ցուցակը կազմելիս:
- Նրա ազդեցությունը կա այդ ցուցակի վրա: Նրա հեռահար ազդեցությունն էլ բավարար է, որ այսօրվա նախագահը նրան չնեղացնելու համար կազմի այդպիսի ցուցակ:
- Շատերի գնահատմամբ, ՀՀԿ-ի ցուցակը պարզապես փողի ցուցակ է, համաձայն չե՞ք:
- Անառարկելիորեն այդտեղ երեւում է, ակնհայտորեն, դա բացահայտ է նույնիսկ, որ փողը խաղացել է դեր: Ես չեմ կարող բացահայտ ասել, որ դա կաշառատվության արդյունքում կազմված ցուցակ է, բայց որ ունեւորները իրենց դերը կատարել են այդ ցուցակը կազմելու մեջ, համոզված եմ: Ինձ ավելի վախեցնում է մեր ընտրողը. մենք այսօր այն ընտրազանգվածն ունենք, որոնք այդ չնչին գումարներով կարող են իրենց ձայնը տալ, ահավոր է: Համոզված եղեք, նա, ով 5 հազարով ընտրում է Սերժին, ընտրում է այսօրվա Ազգային ժողովը, վաղը սիրով 10 հազարով կընտրի Իլհամ Ալիեւի ներկայացուցիչներին, 20 հազարով` Աբդուլա Գյուլին, նրանք հայրենադավ մարդիկ են, ոչ մի հայրենասեր աճուրդի չի հանի իր հոգին, իր եսը: Ես նախընտրում եմ ցանկացած անառակ կնոջ, որոնց որակում են պոռնիկներ, նրանք իրենց ունեցած իրը, իրենց ապրանքն են ծառայեցնում ուրիշին` հանուն օրվա հացի, նրանք սոցիալական բողոքականներ են, սրանք աճուրդի են հանում իրենց հոգին, սրանք իրենց զավակների դավաճաններն են:

Լուսինե Բարսեղյան   21. 03. 2012

Комментариев нет:

Отправить комментарий