Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

29.02.2012

Միասին մենակ են

Խոպանչիներն ու իշխանական բուրգը

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ լրատվամիջոցները շարունակում են քննարկել այն հարցը` այնուամենայնիվ տարաձայնություններ կա՞ն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, թե՞ ոչ։ Քաղաքական դաշտի հստակեցման տեսանկյունից այս հարցն իսկապես որոշակի հետաքրքրություն է ներկայացնում, ուստի արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ այս թեմային։
Սկսենք նրանից, որ պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանը քաղաքական թոշակառու է։ Նա որեւէ կուսակցություն չունի, որեւէ կուսակցության անդամ չէ (90-ականներին ՀՀՇ վարչության անդամ էր, բայց երեւի կուսակցությունից դուրս գալու դիմում գրած կլինի), որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում, պաշտոնապես սեփական բիզնես չունի, առանձնապես հարուստ չէ (համենայն դեպս ով այդ մասին գրում է` փորձում է դատի տալ) եւ աշխատում է ռուսաստանյան ինչ-որ բավականին լուրջ ընկերությունում։ Պարզ ասած` պաշտոնական կարգավիճակով նա «խոպանչի» է. ճիշտ է, ասֆալտ չի փռում, բետոն չի թափում, բայց ամեն դեպքում` մեզ մոտ աշխատանք չունի եւ ժամանակ առ ժամանակ գնում է Ռուսաստան, այսինքն` էլիտար «խոպանչի» է։ Հիմա հարց է ծագում` իսկ ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը տարաձայնություններ ունենա կամ չունենա որեւէ «խոպանչու» հետ, եթե վերջինս քաղաքական որեւէ կշիռ կամ լծակ չունի։
Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ քաղաքական որոշակի ազդեցությո՞ւն ունի։ Չկա այդպիսի բան։ Բոլորն էլ հասկանում են, որ նա այլեւս երբեք քաղաքականություն չի վերադառնալու, հետեւաբար` քաղաքական շրջանակներում նրա ազդեցությունը զրոյական է։ Տեսականորեն նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ ինչ-որ լուրջ հարաբերություններ կլինեին միայն այն դեպքում, եթե Քոչարյանը մտահոգված լիներ իր ունեցվածքը (չար լեզուների ասելով` մի քանի միլիարդ դոլարի հասնող) պահպանելու հարցով եւ որոշեր այդ գումարի մի մասը ներդնել քաղաքականության մեջ, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանի մտքով չանցնի խլել ամբողջը։ Բայց նախ` Սերժ Սարգսյանն էլ կարծես թե աղքատ չէ, եւ այս պահին նրա ուշքն ու միտքն այն է, թե ինչպես պահպանի ի՛ր ունեցածը, այնպես որ` հիմա ուրիշինը խլելու մասին մտածելու ժամանակը չէ։ Երկրորդ` Սերժ Սարգսյանը չէր ցանկանա ինքն իր գլխին նախադեպ ստեղծել (լավ է հասկանում, որ վաղ թե ուշ ինքն էլ է դառնալու թոշակառու)։ Երրորդ` Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, որ Հայաստանում առաջին հերթին խլում են նրանց ունեցվածքը, ովքեր քաղաքական խաղերի մեջ են մտնում, իսկ մի կողմ քաշվածներին առանձնապես չեն հիշում (մանավանդ` եթե նաեւ երկար տարիների մոտիկություն կա, միասին իրականացրած դավադրություններ ու մութ գործարքներ կան եւ այլն)։ Այնպես որ` Քոչարյանին, պատկերավոր ասած, մահակով ծեծես` քաղաքական գործընթացներին չի խառնվի։ Իհարկե, նրա մարդկային որակներն այնպիսին են, որ գուցեեւ կցանկանար «տակից» վնաս տալ Սերժ Սարգսյանին` ուրիշների միջոցով, բայց Հայաստանը փոքր երկիր է, բոլորն իրար ճանաչում են, եւ ոչ մի բան գաղտնի չի մնում, այնպես որ Քոչարյանի համար այդպիսի «խաղերը» կարող էին ծանր վախճան ունենալ (ունեցվածքը կորցնելու իմաստով)։
Նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ իրականում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկուսով, «իրար պաս տալով» ղեկավարում են Հայաստանն ու հիմարացնում բոլորին։ Իհարկե ոչ։ Իշխանությունը կիսել հնարավոր չէ, ու հասկանալի էլ չէ, թե հանուն ինչի՞ պիտի Սերժ Սարգսյանն իշխանությունը կիսի մեկի հետ, ով բացարձակապես որեւէ ազդեցություն, լծակ եւ նույնիսկ կարգավիճակ չունի։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին իր իշխանությունը կիսում էր պաշտպանության նախարար (ավելի ուշ` վարչապետ) Սերժ Սարգսյանի հետ, հիմա ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանն իր իշխանությունը կիսի «խոպանչու» հետ։ Մեկ-մեկ հրավիրում է ինչ-որ միջոցառումների, թույլ է տալիս, որ իր կողքին կանգնի, եւ այդքանն էլ հերիք է, որ բիզնեսներին առայժմ ձեռք տվող չլինի, բայց միայն այդքանը։
Այնպես որ` Սերժ Սարգսյանը մենակ է։ Ոչ քաղաքական կոալիցիային կարող է վստահել (որը փաստացի վաղուց արդեն գոյություն չունի), ոչ սեփական կուսակցությանը (որը նույնպես գոյություն չունի), ոչ էլ, առավել եւս, գոյություն չունեցող համակիրներին։ Նա ամենաշատը հենց այդ մենակությունից է սարսափում, որովհետեւ հասկանում է, որ ինքը, ճիշտ է, իշխանական բուրգի գագաթին է, բայց նախ` բուրգն է շատ խախուտ, երկրորդ` այդ բուրգի գագաթին իր փոխարեն ով էլ լինի` բուրգի համար նույնն է։ Նույնը չէ միայն իր եւ Ռոբերտ Քոչարյանի համար։ Ու սա թերեւս միակ բանն է, որը հարազատ է դարձնում նախագահին ու «խոպանչուն»։

29.02.2012  Մարկ Նշանյան

Комментариев нет:

Отправить комментарий