Ընդդեմ ինֆլյացիոն տրամաբանության
Այսօր վերջապես ես էլ հասցրի Մաշտոցի այգի գնալ (չգնալուս պատճառը ոչ մի սկզբունքային բան չի պարունակել, առարկայական հանգամանքների բերումով էր այդպես ստացվել)։ Ցավոք, ահագին ուշացա եւ ապամոնտաժող բրիգադի հիմնական գործողությունները չհասցրի տեսնել` հակառակ ամեն կարեւոր հանրային իրադարձություն սեփական աչքերով տեսնելու սկզբունքին։ Ուրեմն, գրածս էլ կլինի ավելի շատ ընդհանուր մտորումներ խնդրի շուրջ, քան պուրակում տեղի ունեցած դեպքերի նկարագրություն-մեկնաբանություն։ Ինձ առհասարակ մտահոգում է, որ Մաշտոցի պուրակի շուրջ խոսակցություններում եւ հրապարակումներում թե՛ այդ գործողության քննադատների, թե՛ կողմնակիցների մի մասի կողմից գերակայում է, այսպես ասած, «հավելյալ իմաստի» փնտրտուքը։ Մի դեպքում դա կարող է լինել, օրինակ, գործողության թիկունքում ինչ-որ իշխանական դավադրություն փնտրելը՝ վարկած, որն ինքնին չի կարելի բացառել, բայց որն առաջ քաշելու համար շատ ավելի լուրջ եւ փաստարկված հիմքեր են պետք, քան զուտ վերացական տրամաբանությունը։ Մյուս դեպքում էլ «հավելյալ իմաստը» կարող է լինել Մաշտոցի այգին որպես ապագայի ավելի ծավալուն եւ զանգվածային շարժման նախակարապետ համարելը։ Կարծում եմ, պուրակում այսօր տեղի ունեցողը պետք է գնահատել այնպես, ինչպես այս պահին կա՝ առանց թերագնահատելու, բայցեւ` առանց գերագնահատելու դրա ներուժը։ Խնդիրը շատ հստակ եւ նյութական է՝ խախտվել է օրենք, եւ քաղաքացիների մի խումբ հակադրվում է օրենքի խախտմանը՝ փորձելով, կարծես, դուրս չգալ օրինական դիմադրության սահմաններից։ Բնականաբար, դա չի կարելի դրական չգնահատել, եթե բոլորիս ընդհանուր նպատակն է ՀՀ-ում օրենքի գերակայությունը։ Խորանալ այն հարցի մեջ, թե` բա տեսեք, ովքեր են մասնակցում այդ գործողությանը կամ ովքեր են օգտվում կամ կարող են օգտվել եւ ինչ նպատակներով, ըստ իս, մեծ սխալ է եւ քննարկման շեղում։ Հատկապես ՀԱԿ համակիրների այն փոքր մասին եմ ուզում խոսքս ուղղել, ովքեր նման կարծիքներ են առաջ քաշում։ Հիշենք անցած տարվա գարնանը ՀԱԿ-ի դեմ ուղղված քննադատության հիմնական թեզերից մեկը. «Էս ինչը չի գալիս Հրապարակ, որովհետեւ հարթակում կան այսինչ անձերը», եւ ՀԱԿ համակիրներից շատերի սկզբունքային պատասխանը. «Հրապարակ չեն գալիս անձերի համար, գալիս են սեփական կամքով` սեփական դիրքորոշումն ի ցույց դնելու հանուն սկզբունքների, այլ ոչ թե անձանց»։ Հիմա նույն «անձնակենտրոն» փաստարկմամբ հանդես գալ նույն այն մարդկանց դեմ, որոնք ժամանակին Կոնգրեսին այդ կերպ քննադատում էին, նշանակում է` տանուլ տալ մեր հին բանավեճը սկզբունքների եւ անձերի մասին։ Իմ կարծիքով` կարեւոր չէ, թե ՀՀ-ում քանի քաղաքական եւ քաղաքացիական դիմադրության օջախ կլինի, որ կպայքարի հանուն օրենքի գերակայության, դուրս չգալով օրինական միջոցների սահմաններից, կարեւոր չէ, թե որքանով ինտեգրված կլինեն այդ օջախները, կարեւոր չէ` ինչպիսի մեծ ու փոքր նպատակներ կդնեն իրենց առջեւ, կարեւոր չէ, թե ինչ կենսագրությամբ, շահով, տո՛ թեկուզ բարոյական նկարագրով անձինք կհամախմբվեն այդ օջախներում, այլ կարեւոր է այն, որ մեր հասարակությունն աստիճանաբար ինքնակազմակերպվի եւ իր դիմադրության ուժով սահման դնի բնականից բացարձակ իշխանությանը ձգտող ցանկացած կառավարության առջեւ։ Թե չէ` որ ընկնենք անձնականի հետեւից, կներեք, բայց մի երկու տասնյակ մոտիկ բարեկամներից ու ընկերներից բացի` կարող է ոչ ոք էլ վստահելի չթվա, ու ոչ մեկի հետ էլ չհամագործակցեմ, իսկ նույն ՀԱԿ-ում քիչ չեն անձինք, որոնց հետ ես որեւէ ընդհանուր բան չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ, բացի քաղաքական եւ հասարակական նպատակներից։ Այլ խնդիր է, որ այս պահին չափազանցել Մաշտոցի պուրակի գործողության նշանակությունը` նույնքան տարակուսելի է, որքան դրա մեջ նեղվելու առիթներ փնտրելը։ Կարծում եմ, մեր հասարակությունը դեռ այն ներուժը չունի, որպեսզի առանց ուժեղ քաղաքական ընդդիմադիր բեւեռի առկայության` քաղաքացիական տեղական նախաձեռնություններն իրենց ապահով զգան։ Ծիծաղելի է նաեւ համարել, որ Մաշտոցի պուրակից «հայոց պատմությունը» սկսվեց։ Մինչ այդ ոչ միայն ընդդիմության քառամյա լավ կամ վատ պայքարը, ոչ միայն բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ են եղել, որոնք առաջացան 2008-ից հետո, այլ 2008-ից առաջ էլ դիմադրության դրսեւորումներ են եղել։ Զանգվածային հասարակական մոբիլիզացիայի համար Մաշտոցի պուրակի պաշտպանության նման գործողությունները շատ փոքր են եւ, ըստ իս, կարող են առայժմ գոյատեւել միայն ավելի լայն հասարակական դիմադրողականության ֆոնին, երբ կառավարությունը ստիպված է ավելի մեղմ լինել տեղական խնդիրների նկատմամբ՝ հիմնական հարվածն ուղղելով իր համար ավելի մեծ վտանգ ներկայացնող ճակատներին։ Այնպես որ, առանց մեկը մյուսին խանգարելու, առանց հայավարի ամեն տեղ դավադրություն եւ թշնամի փնտրելու, առանց «հավելյալ իմաստների» «ինֆլյացիոն» տրամաբանությանը դիմելու, պետք է շարժվել առաջ՝ նաեւ հասկանալով, որ մարդու ծրագրածը եւ ծրագրած գործողության արդյունքում ձեւավորվող իրականությունը գրեթե միշտ իրարից տարբեր են եւ գրեթե միշտ անկանխատեսելի։ Ոչ ոք չգիտի, թե ի վերջո` ինչից ինչ կարող է դուրս գալ:
Ուստա Հրանտ

Комментариев нет:
Отправить комментарий