Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

21.04.2012

Թե ինչու չեն կպչում ՀՀԿ-ին

Մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ «Ժառանգության» առաջնորդը կուսակիցներին հորդորել է ՀՀԿ-ի հասցեին թթու, կծու խոսք չասել:
Միաժամանակ, մարզերից տեղեկություններ են ստացվում, որ իր հանդիպումների ժամանակ «Ժառանգությունը» մեծ մասամբ քննադատում է Հայ ազգային կոնգրեսին: Երեկ այս թեմաներով զրուցել ենք պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ, որն այս անգամ առաջադրվել է նաեւ մեծամասնական ընտրակարգով:
- Տիկին Բախշյան, երկու օր առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» անդամների հետ փակ նիստ է անցկացրել եւ հորդորել որեւէ կծու, թթու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին, քանի որ հնարավոր է լուրջ խնդիրների առաջ կանգնեք (խորհրդարան չանցնեք): Մասնակցե՞լ եք այդ նիստին:

-  Ասեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ օրը Սիսիանում է եղել, եւ եթե տեխնիկապես նույնիսկ ասեմ, ինքը չէր կարող դա անել:
- Սիսիանում չէ՞ր կարող:
- Այդպիսի բան չկա: Դա լրագրողական երեւակայության արդյունք է, սեւ PR-ի մի տեսակ, որը ի վերջո մեր օգտին է աշխատելու:
- Ինչպե՞ս է ձեր օգտին աշխատում:
- Դուք ինձ հարց եք տալու, ես հերքելու եմ, փնովելու եմ նրան, ով գրել է, ով այդ լուրը տարածել է:
- Այսինքն, դուք թթու, կծու խոսքեր ասելո՞ւ եք ՀՀԿ-ի հասցեին:
- Այո: Այնքան թթու ու կծու խոսք, որ Հանրապետականն է լսել ինձանից, իր համար բոլորովին նորություն չէ: Ձեզ համար էլ նորություն չէ:
- Խոսքը նախկինին չի վերաբերում, այլ կոնկրետ այս շրջանին, որպեսզի «թույլ տան» խորհրդարան անցնեք:
- Հանրապետական կուսակցությանը որ մնա, մենակ ինքը կգնա այնտեղ կնստի եւ կանի այն, ինչ որ ուզում է անել: Բայց ժամանակները փոխվել են, հասարակությունը բավական կրթվել է, եւ չես համեմատի 5 տարի առաջվա հետ: Այսօր հասարակությունն ավելի քաղաքացիական է, եւ Հանրապետական կուսակցությունն ու ամբողջ կոալիցիան պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ, եւ ինքն ուրիշ տարբերակ չունի: ՀՀԿ-ն ասում է` ես եմ իշխանությունը, այո, թերությունները իմն են, ես էլ խոստանում եմ ուղղել: Բայց կոալիցիայի մեջ մտնող «Բարգավաճը», որ 5 տարի հետո գլխի է ընկել, որ ավիրվել է տնտեսությունը, երբ դա արվել է նաեւ իր անմիջական օգնությամբ, իր կողմից կոճակները սեղմելու արդյունքում, շատ հետաքրքիր է:
- Գուցե ուզում են փոխվե՞լ:
- Ես որպես քրիստոնյա մարդ միշտ հավատում եմ մարդու ապաշխարելուն, բայց ապաշխարող մարդն իր նկարագրով պիտի արժանի լինի ապաշխարելու մասին խոսել: Բայց եթե մարդկանց էդ խումբը, ովքեր իրենց նկարագրի մեջ ոչինչ չեն փոխում, զենքը դնում են իրենց գոտկատեղին ու գնում են ժողովրդի հետ հանդիպման ու համոզում են, թե մենք մտահոգ ենք, բացարձակ ես չեմ հավատում նրանց ապաշխարությանը: Եւ ես մի անգամ էլ ձեզ հիշեցնեմ` ամենավերջին այլանդակ օրենքը` «Արտակարգ դրության մասին» օրենքը, անցկացրին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եւ մի երկու անկախ պատգամավոր. դա իրենց նկարագիրն է:
- Ոչ ոք չի ասում, որ ԲՀԿ-ն իշխանության մաս չէ, որ մեղքեր չունի, ուղղակի կարծիք կա, որ ԲՀԿ-ն շահագրգռված է արդար ընտրություններով, որպեսզի ՀՀԿ-ին ցույց տա, որ իրենից շատ ձայն ունի: Գոնե այս առումով նա չի՞ կարող օգտակար լինել արդար ընտրությունների մյուս ջատագովներին:
- «Բարգավաճը» որպես կաշառատու ամենաբեղմնավոր կուսակցություն, կեղծ բարեգործ, այո՛, շատ լավ գիտի, թե ինչքան մարդու ինչ է տվել: Հաշվում է` ում ինչքան է տվել, տեսնում է` ահագին մարդու շատ բան է տվել, եւ այդ թիվն անցնում է իր անդամների թվից: Ու հույսը դրել է, որ այդ մարդիկ պիտի գան իրեն քվեարկեն: Ափսոս, որ մեր հասարակությունը չի կարողանալու մինչեւ վերջ պատժել այն քաղաքական ուժերին, ովքեր այդ բարեգործությունն են անում. խոսքը միայն ԲՀԿ-ի մասին չի, ՀՀԿ-ին էլ, ՕԵԿ-ին էլ վերաբերում է: Ափսոս, այ նրանց պիտի զրո ձայն տար, որ մրմռային, ասեին` այ մարդ, էսքան փող ծախսեցինք, էլի չունեցանք արդյունք: Իհարկե, իրենք կունենան, որովհետեւ մեր ժողովուրդը ուտող-ուրացող չի, բայց հուսամ, որ այնքան չէ, որ ԱԺ-ում մտածեն` մենք ենք, որ կանք եւ որեւէ մեկիդ կարիքը չունենք: Իրենք պիտի այնքան ձայն ստանան, որ գան իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի դուռը ու ասեն` եկեք կոալիցիա լինենք կամ իրար հետ համագործակցենք, որպեսզի օրենքը քվեարկվի:
- Տիկին Բախշյան, ո՞րն է պատճառը, որ ձեր հանդիպումների ժամանակ ավելի շատ քննադատում եք Հայ ազգային կոնգրեսին, քան իշխանությանը:
- Կոնգրեսին էլ ենք քննադատում, Դաշնակցությանն էլ ենք քննադատում, ովքեր էսօր պսեւդոընդդիմադիր են համարում մեզ, կասկածի տակ են դնում մեր ընդդիմադիր լինելը: Իսկ Հանրապետականի՞ն: Հանրապետականը մեզ չի ասում կեղծ ընդդիմադիր, Հանրապետականն ընդունում է մեզ որպես ընդդիմություն: Հիմա քննադատեմ, թե ինչո՞ւ չես ասում: Էդ մարդն ասում է` այո, ընդդիմություն է «Ժառանգությունը»:
- Փաստորեն, ձեզ համար ավելի կարեւոր խնդիր է, թե ով ինչ է ասում ձեր մասի՞ն, թե՞ այն վիճակը, որ կա երկրում, եւ որի համար պատասխանատու է Հանրապետականը:
- Ուրեմն, քարոզարշավի ժամանակ քաղաքական յուրաքանչյուր ուժ ուզում է ներկայացնել նախ իր արածը եւ անելիքը: Ու այնտեղ դու պետք է նաեւ պատասխանես այն քաղաքական ուժին, որը հրապարակավ հեռուստացույցով քեզ ասել է պսեւդոընդդիմադիր: Բա չպատասխանե՞ս նրան: Ու պատասխանում ես նրան, ով ասել է պսեւդոընդդիմադիր: Էդ քաղաքական ուժը Հանրապետականը չի, էդ քաղաքական ուժը ձեր ասած ուժերն են, եւ նրանց ենք պատասխանում: Եթե Հանրապետականը մեզ ասի պսեւդոընդդիմադիր, իրենց էլ կպատասխանենք:
- Իսկ գուցե ձեզ կեղծ ընդդիմություն անվանելը հիմք ունի, որովհետեւ, տեսեք, հրապարակում է լինում այն մասին, որ «Ժառանգությունը» պարտավորվել է կծու խոսք չասել ՀՀԿ-ի հասցեին, որովհետեւ հրապարակում է լինում, որ «Ժառանգության» առաջնորդը հանդիպել է Սերժ Սարգսյանին, «Ժառանգությունը» հրաժարվում է մասնակցել ընտրությունների վերահսկողության շտաբի աշխատանքներին...
- Դե, էդ ա էլի, մի հատ այդպիսի լուր են գրում էդ դաշտի լրագրողները, հետո էլ էդ լուրից իրենք ուրախանում են, ոգեւորվում են, սկսում են խմորիչ օգտագործել, ուրախանում են իրենց խմորիչով, սկսում են զարմանալ:
- Այսինքն, չի՞ եղել Մեծ Բրիտանիայի դեսպանի միջնորդությամբ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպում, ինչպես պնդում է մամուլը:
- Տո՛ չի եղել, այ մարդ: Սուտ է, չի եղել: Ուզում եք հավատացեք, ուզում եք` մի հավատացեք: Չի եղել:
- Չե՞ք կարծում, ավելի լավ է գործով ապացուցել, թե ընդդիմության որ տեսակին է պատկանում «Ժառանգությունը»:
- Մենք 5 տարի ապացուցել ենք, որ մենք ընդդիմություն ենք: Էսօր երբ Դաշնակցությունը ուզում է ապացուցել, որ ինքն ընդդիմություն է, ես իրեն ասում եմ` մինչեւ 2009 թվականը դու իշխանություն էիր. կրթության ոլորտ, սոցիալական ոլորտ, գյուղատնտեսության ոլորտ... տարիներ շարունակ դու այդ ոլորտում քաղաքականություն էիր տանում ու ոչ մի բանով քո քաղաքականությունը չտարբերվեց Հանրապետական կուսակցության քաղաքականությունից: Մինչեւ 2009 թվականը Դաշնակցությունը բյուջեին կողմ էր քվեարկում, հետո սկսեց դեմ քվեարկել: Ես էդ կոնտեքստում Հանրապետականին ի՞նչ ասեմ, ես Հանրապետականին ինչ պետք է` քաղաքական ամենաբարձր ամբիոնից ասել եմ: Եւ իրենք արժանի են դրան: Բայց այս պահին այն քաղաքական ուժերը, ովքեր կասկածի տակ կդնեն «Ժառանգություն» կուսակցության ընդդիմադիր լինելը, իրենք կստանան արժանի հակահարված:
- Չե՞ք կարծում, որ եթե ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն կեղծ են, դա ամենալավը ցույց կտայիք, օրինակ, միասնական շտաբի աշխատանքներին մասնակցելով: Նույն կեղծ բարեգործությունների մասին հնարավոր չէ՞ր այնտեղ բարձրաձայնել, փաստեր ներկայացնել: Եւ եթե, ասենք, ԲՀԿ-ն չէր միանա կեղծիքի մասին շտաբի համատեղ հայտարարությանը, կբացահայտվեր նրա կեղծ լինելը:
- Չէ, չեմ կարծում: Մենք ասում ենք, ԲՀԿ-ն այսօր տրակտոր է բաժանում, կաշառք է բաժանում, ես նրա հետ ո՞նց ստորագրեմ փաստաթուղթ: Այսինքն, նա արդեն այդ գործընթացի մեջ է:
- Փաստաթուղթը ստորագրված է արդեն: Բայց երբ այդ տրակտորների մասին կպնդեիք հայտարարություն անել, ԲՀԿ-ն չէր միանա:
- Չէ, հիմա ավելի հետաքրքիր է, ինքը ստորագրել է ազատ, արդար ընտրություններ անելու վերաբերյալ փաստաթուղթ, բայց անում է, որը չի հերքում Օսկանյանը: Շատ ճիշտ ենք արել, չենք մասնակցելու:

Комментариев нет:

Отправить комментарий