Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի անկուսակցական անդամ Գայանե Առուստամյանի հայտարարությունը.
«Այսօր ոստիկանությունը տարածել է մի հաղորդագրություն, որով տեղեկացնում է. «Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 16-ին, ժամը 12.10-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում վիճաբանել է Ն. Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին և Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին և հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ: Վարդան Վ.-ն նաև հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է»:
Ուզում եմ տեղեկացնել, որ «մեղայականով» եւ ինքնակամ ոստիկանություն ներկայացած եւ ինձ համար թերեւս անհայտ Վարդան Վ. կոչեցյալի հայտարարության մասին ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ կան մի շարք վրիպումներ:
Նախ` Սվաճյան 44 շենքում նախընտրական քարոզչություն իրականացնելու մեր առաքելությունը խոչընդոտել է ոչ թե մեկ երիտասարդ, այլ մի ամբողջ հրոսակախումբ` բաղկացած 10-15 հոգուց:
Երկրորդ` ինձ եւ Բաբկեն Գարոյանին «շքամուտքի միջանցք» նկարագրված վայրում ոչ ոք չի հրել: Հրոսակախումբը շարք կազմած կանգնած էր մեզ դեմ-հանդիման, շենքի մուտքի աստիճաններին: Ես գտնվել եմ շարքի մի թեւում, Բաբկեն Գարոյանը` մյուս:
Երրորդ` ինձ հաջորդաբար հարվածել են երկու ավազակներ` խմբի առաջնորդը ու նրա կողքին այդ պահին կանգնած մյուս ավազակը: Ես նրանց դեմքերը հստակ հիշում եմ:
Չորրորդ` Բաբկեն Գարոյանին աստիճաններից ներքեւ են քաշել հրոսակախմբի մյուս անդամները, շուրջկալել եւ դաժան ծեծի ենթարկել շենքի բակում այն բանից հետո, երբ նա ինձ հարվածողին փորձել է կարգի հրավիրել:
Ես դիմել եմ ոստիկանությանը եւ գործը քննող անձանց, հանցագործներին բացահայտելու պատրաստակամությամբ, եւ խնդրել եմ գալ իմ նախընտրական շտաբ, իմ տրամադրության տակ գտնվող տեսանյութում, որտեղ հստակ երեւում են նրանց դեմքերը, հրոսակախմբի անդամներին մատնացույց անելու նպատակով: Պահանջել եմ նրանց անհապաղ ձերբակալել, քանի որ այդ անձինք վտանգավոր են հասարակության եւ հատկապես նախընտրական շրջանում ընդդիմադիր թեկնածուների, նրանց ընտանիքների անդամների եւ համակիրների համար:
Իրավապահ մարմիններից ոչ ոք չի արձագանքել հանցագործներին բացահայտելու մասին իմ պատրաստակամությանը:
Հետեւաբար` ես ոստիկանությանը մեղադրում եմ միտումնավոր անգործության մեջ, իսկ մեկ անձի մեղայականով քրեական գործ հարուցելու եւ նրա նկատմամբ ՀՀ քրօրի 117 հոդվածը կիրառելու հանգամանքը գնահատում որպես ավազակախուբը բացահայտելու ցանկության բացակայություն եւ հանրության շրջանում գործին ընթացք տալու վերաբերյալ պատրանք ստեղծելու եւ ներկայացածին մեղմ պատժաչափով ազատ արձակելու ուղղակի նպատակ:
Ասվածը վկայում է հենց ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած հետեւյալ հատվածը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք պատգամավորության թեկնածուներին և նախընտրական շտաբներին, նախընտրական միջոցառումների մասին իրազեկել ոստիկանությանը՝ պատշաճ կարգուկանոնի պահպանումն ապահովելու համար»:
Այսպիսով ոստիկանությունը խոստովանում է, որ նախընտրական միջոցառումների մասնակիցների համար գոյություն ունեն վտանգավոր պայմաններ, քանի որ փողոցներում շրջում են հրոսակախմբեր: Մեզ հետ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց, մեկ այլ հրոսակախումբ հարձակվել է ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Կարեն Թովմասյանի վրա: Այդ հրոսակախմբերին վնասազերծելը եւ թեկնածուների նախընտրական արշավների համար անվտանգ պայմաններ ստեղծելն է իրավապահ մարմիններ ուղղակի պարտականությունը, ոչ թե քարոզարշավի մասնակիցներին ուղեկցելը»:

Комментариев нет:
Отправить комментарий