Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

18.05.2012

Գալուստ Սահակյանը գիտի՝ ով է վարչապետի ՀՀԿ թեկնածուն, սակայն անուն առայժմ չի տա

ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է, և կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ամեն ինչին տեղյակ է, սակայն քանի դեռ քաղաքական ալեկոծումներ են, նա իրեն թույլ չի տա վարչապետի թեկնածուի անունը տալ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը՝ Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ցուցակից հնարավոր ինքնաբացարկների թեմային՝ նա նկատեց, որ ինքնաբացարկներ կլինեն, և այն էլ`մեծ թվով: «Իսկ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ինքնաբացարկ հայտնածների թվում չկա»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ընտրությունները հաճախ նմանվում են ազարտային խաղի, մեկը մյուսի հասցեին վիրավորանքներ տեղալու հարթակի, սակայն ժամանակն է՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից:


Խոսելով կոալիցիոն հուշագրի մասին՝ Սահակյանը նկատեց, որ ՀՀԿ-ի համար այն շատ կարևոր փաստաթուղթ է և շարունակում է գործել, մյուս ուժերն էլ իրենց հերթին պետք է ասեն՝ գործո՞ւմ է, թե՞ ոչ. «Թե ինչ ռազմավարություն կընտրեն մյուսները, մենք չգիտենք, իրենք պետք է ասեն»:

Հարցին՝ ո՞րն էր խորհրդարանական մեծամասնություն կազմելու ՀՀԿ ձգտման նպատակը, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ մեծամասնություն լինելու իմաստը կայանում է պատասխանատվության բեռը սեփական ուսերի վրա վերցնելու մեջ:

Սահակյանի անձնական կարծիքով` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն անպայման բարձր դերակատարում է ունենալու, բայց թե հատկապես ինչ ոլորտում՝ նա այդպես էլ չասաց:

Լրագրողներից մեկի հարցին՝ ներկա՞ է գտնվելու արդոք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ մայիսի 21-ին «Փարվանա» ռեստորանում կայանալիք խնջույքին, Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն առայժմ հրավեր չի ստացել:

«Բայց տա Աստված, որ Սամվել Ալեքսանյանի միտքն իրականություն դառնա, և իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան իրար հետ հանդիպել: Դա մեծ գաղափար է: Միաժամանակ, չեմ կարող ասել՝ Նիկոլ Փաշինյանը ինչ ճաշատեսակ է սիրում»,- ավելացրեց նա:

Ամփոփելով՝ կուսակցության փոխնախագահն ասաց, որ նոր խորհրդարանում իրեն տեսնում է իր՝ Գալուստ Սահակյանի տեղում:
«Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, միգուցե եղել են տեղեր, ուր ընտրակաշառք է բաժանվել, բայց ինձ ընտրակաշառք չեն տվել: Եթե տային, «Կիլիկիա» գարեջրի արժեքի չափով կուզեի»:

Комментариев нет:

Отправить комментарий