Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

24.08.2012

Կառավարությունը թաքցնում է գազի գնի գործարքը

Այս տարվա մայիսին «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիր են ստորագրել, այնինչ հուլիսի 12-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին վստահեցնում էր, թե Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
ՍիվիլՆեթի հարցմանը, թե Հայաստանը ներկայում ինչ գնով է ներկրում ռուսական գազը, «Գազպրոմի» մամուլի ծառայությունից պատասխանել են. «Ներկայում կողմերն աշխատում են «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ի պայմանագրի լրացման համաձայն, որը ստորագրվել է 2012թ. մայիսին: Փաստաթղթով սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը, ինչը տնտեսվարող սուբյեկտների առևտրային գաղտնիքն է»։
«Գազպրոմի» այս պատասխանը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ հայ պաշտոնյաները, մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հուլիսի 12-ին լրագրողներին հայտարարել էր, որ գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և դրանք շուտով կավարտվեն։ «Գազպրոմի» պատասխանից հստակ երևում է, որ նախարարի հայտարարության օրն արդեն իսկ բանակցություններն ավարտված են եղել, իսկ պայմանագիրը՝ ստարագրված։
Ուշագրավ է, որ Մովսիսյանը նաև վստահեցնում էր, թե գնի գաղտնի բարձրացում չի կարող լինել և գնի մասին կհայտարարվի բանակցություններից հետո։
Իրականում, փաստորեն, Հայաստան առաքվող գազի գինն արդեն իսկ բարձացել է, իսկ կառավարությունը դա հասարակությունից գաղտնի է պահում։ Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուրը. երկիր-ապրանք» աղյուսակից երևում է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան Ռուսաստանից ներկրված 1000 խմ բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219։ Այնինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «ՀայՌուսգազարդը» շարունակում են պնդել, որ գազը ձեռք է բերվում $180-ով։
Ամենայն հավանականությամբ ներկայում «Գազպրոմը» հայկական կողմի խնդրանքով չի հրապարակում գինը, քանի որ կառավարությունը ցանկանում է Հայաստան առաքվող գազի թանկացման իրողությունը գաղտնի պահել մինչև 2013թ. նախագահական ընտրություններ։ Կառավարությունը պատրաստվում է ձեռքբերման գների տարբերությունը վճարել սեփական միջոցներով։ ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը գազի գնի բարձրացումը փոխհատուցելու է «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնետոմսերի 10%-ը փոխանցելով։
Այս գործարքով կառավարությունը ցանկանում է անել այնպես, որ ռուսական գազի գնի փոփոխությունը վերջնական սպառողի վրա չանդրադառնա, և ներքին շուկայում սակագները մնան անփոփոխ մինչև 2013թ. նախագահական ընտրություններ։ 

Комментариев нет:

Отправить комментарий