Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

17.01.2012

Ռազմիկ Զոհրաբյան: ՀՀԿ-ն միայնակ կմասնակցի ընտրություններին

« Ասեմ, որ Հանրապետականը ժողովրդավարական կուսակցություն է »

Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Այնպես որ, մենք առանձին ենք գնում եւ մեր նախընտրական քարոզչությունը, որ օրվանից օրենքը կֆիքսի, մենք այդ ժամանակից կսկսենք», - նաեւ ասաց Զոհրաբյանը:

Հանրապետականի փոխնախագահի փոխանցմամբ, առայժմ քննարկումներ չեն եղել, թե ովքեր են զբաղեցնելու կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք տեղերը: Ցուցակի կազմը հայտնի կդառնա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին տեղի ունենալիք կուսակցության համագումարից հետո: Ամեն դեպքում, Զոհրաբյանի համոզմամբ, ցուցակը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ մամուլը գրում է, թե Հանրապետականի համամասնական ցուցակի երկրորդ տեղի համար պայքար է ընթանում Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ:  Հետեւաբար, Ռազմիկ Զոհրաբյանին հարցրեցինք, թե արդյո՞ք այս հարցում կա լուրջ պայքար:
«Գուցե կա ինչ-որ թեթեւ պայքար, բայց դա չի երեւում: Ասեմ, որ Հանրապետականը ժողովրդավարական կուսակցություն է, այստեղ բոլոր ազատությունները հարգվում են, եւ այդ հարցերը կորոշվեն քննարկման ընթացքում: Բայց, ամեն դեպքում, քանի որ մենք նախագահական պետություն ենք, ինչպես նաեւ նախագահական կուսակցություն ենք, ապա մեզ մոտ նախագահի խոսքը առաջնային է: Ինքը ի վերջո կասի ինչպես լինի», - պատասխանեց Ռազմիկ Զոհրաբյանը:
Հանրապետականի փոխնախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Հանրապետականի համամասնական ցուցակում օլիգարխներ եւ գործարարներ չեն լինելու:
«Իսկապես, ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատենք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Գուցե մեկ-երկու հոգի լինեն, բայց հիմնականում չեն լինելու: Դրա համար կա մեծամասնական համակարգ: Այնտեղ կդնեն, կընտրվեն ե՛ւ գործարարներ, ե՛ւ ով ուզում է», - ասաց Ռազմիկ Զոհրաբյանը:
Հանրապետականի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ընտրություններին ընդառաջ` նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում: Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, գրեթե ամեն օր Աբրահամյանը լինում է կուսակցությունում եւ համակարգում է այդ աշխատանքները: Նրա հետ միասին այդ աշխատանքներին մասնակցում են նաեւ պաշտոնատար անձինք. - «Ես տեսնում եմ, որ Հովիկ Աբրահամյանը ամեն օր էլ առավոտից գալիս է, մինչեւ ուշ երեկո մարդիկ է ընդունում, խոսում է: Որ օրերին էլ այստեղ չի լինում, ուրեմն մարզերում է, ինչ-որ խնդիրներ է լուծում շտաբի հետ կապված: Այսինքն, ակտիվ շտաբային աշխատանք է գնում: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են ե՛ւ Միքայել Մինասյանը, ե՛ւ Դավիթ Հարությունյանը, ե՛ւ Արմեն Գեւորգյանը»:
Ռազմիկ Զոհրաբյանը շեշտեց, թե Հանրապետականը գնալու է արդար եւ թափանցիկ ընտրությունների: Իրենք չեն խախտելու եւ թույլ չեն տալու, որ ուրիշները խախտեն:

 Ռուզաննա Ստեփանյան   http://www.azatutyun.am/

Комментариев нет:

Отправить комментарий