Գլխավոր էջ

Մեր մասին Հետադարձ կապ Լուրեր

11.04.2012

Մհեր Սեդրակյանին՝ պինդ առողջություն

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ, Երեւանի թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մանուշակ Պետրոսյանի հետ

Ինչու որոշեցիք մեծամասնական ընտրակարգով առաջադրել Ձեր թեկնածությունը, այն էլ՝ հենց թիվ 13 ընտրատարածքում, որտեղ Ձեր մրցակիցն է լինելու Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: 
Նախ ասեմ, որ 1988-ի փերվարից ի վեր, եղել եմ մեր երկրում ընթացող քաղաքական բոլոր գործընթացների մասնակիցը: Ինձ համար բոլոր խնդիրները համապետական են եղել եւ կան: Տարբերություն չկար՝ Գյումրիում էր շենք հանձնվում, թե Արցախում էլեկտրակայան կառուցվում: Հատկապես այսօր, չկա հատվածական քաղաքական կամ տնտեսական խնդիր: Մեր ժողովրդի այսօրվա ծանր կացությունն ածանցյալ է երկրում տիրող իշխանական համակարգի կոռումպացվածության, մենաշնորհային տնտեսության գոյության ու իրավական ամենաթողության: Մեր պետության ժողովրդավարացման ու անշրջելի կայացման ճակատը անցնում է բոլոր բնակավայրերով եւ կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Դա նշանակում է ինչպիսի Ազգային Ժողով ընտրենք, այնպիսի էլ գերագույն օրենսդիր մարմին կունենանք` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բնական է , որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ պետք է օգտագործեմ ներկայիս ընտրակարգի բոլոր հնարավորությունները` անմիջական հանդիպումների միջոցով ավելի ակտիվորեն ներգրավել քաղաքացիներին ընտրական գործընթացի մեջ: Ես սիրով ու պատասխանատվության մեծ զգացումով եմ առաջադրվել 13-րդ ընտրատարածքում, ինձ համար 13 ընտրատարածքը` այսօր եւ վաղը Հայաստանի կենտրոնն է, որտեղ որոշվում է մեր պետության ճակատագիրը: Այո, եթե յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածու- քաղաքական ուժ եւ մեծամասնական թեկնածուն այդպես մտածեն ու գործեն, եթե յուրաքանչյուր քաղաքացի վերջապես զանազան արդարացումներ չփնտրի` ընտրություններին չմասնակցելու, կամ ինչու են ոմանք ընտրակաշառք վերցնում, ապա վստահ եղեք՝ մենք, այսինքն ժողովուրդը, անպատճառ կհաղթի: Ինչ վերաբերում է իմ մրցակցին, շատ ուրախ եմ, որ այդպիսի մրցակից ունեմ, մնացած խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Որոշում կայացնողն ընտրողներն են, մեր, թեկնածուների առաքելությունը` ամեն ինչ անել ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար: Իհարկե,ես այդքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե դա հեշտ կլինի իրականացնել:
Ուզում եք ասել, որ արդար ընտրությունների արդյունքում Կոնգրեսը կհաղթի՞:
Ուզում եմ ասել, որ ժողովուրդը կհաղթի. նա կունենա իր վստահությունը վայելող, այսինքն արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային Ժողով: Ինչ վերաբերում է Կոնգրեսի հաղթանակին, ապա այդ դեպքում այն տրամաբանական եւ արդարացի է:
Ի՞նչն է ձեզ ամենաշատը մտահոգում ընտրական գործընթացի ժամանակ
Գիտենք, որ Հայաստանում “ընտրություններ” հասկացողությունը վերածվել է գործող իշխանությունների վերահրամանագրմանը: Ինձ համար ամենամտահոգիչն ու վիրավորականը այն է, որ իշխանությունները դա իրականացնում են մեզ համար ամենանվաստացուցիչ ձեւով. ընտրական գործընթացի խեղաթյուրումը արվում է հենց մեր ժողովրդի մի հատվածի ձեռքերով, դրանով ծաղրի ենթարկելով ամբողջ ժողովրդին: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է բոլորին՝ մասնակցել ընտրություններին, մերժել բոլոր տեսակի ընտրակաշառքները ու ձայնը տալ այն քաղաքական ուժին, այն ուժի մեծամասնական ներկայացուցչին, ում ընտրողը հավատում եւ վստահում է: Գիտեք, դա այնքան հեշտ է անել, քանի որ հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում շատ տեսանելի է թե ով-ով է:
Ինչպես եք պատկերացնում ընտրապայքարը մարդու հետ, ով տիրապետում է հսկայական ֆինանսական միջոցների, նաեւ՝ կապեր ունի կրիմինալի հետ:
Գիտեք ինչ, առաջինը, ես դուրս չեմ եկել պայքարի մեկ մարդու դեմ, անկախ նրա “ռեսուրսներից”, իմ պայքարը անձնավորված չէ, այն քաղաքական է: Իսկ երկրորդը` ես մտել եմ պայքարի մեջ որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ եւ իմ պայքարի ռազմավարությունը պայմանավորված է միայն այս ընտրությունների կարեւորությամբ ու ինձ վրա դրված պատասխանատվությամբ: Մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ հուսահատված ու հոգնած մեր քաղաքացիներին համոզենք, որ մեկ մարդու պես մասնակցեն ընտրություններին եւ արժանապատիվ ընտրություն կատարեն:
Իսկ ո՞ր դեպքում եք ընտրությունները համարելու արժանապատիվ:
Ընտրակաշառքի բոլոր դրսեւորումների մերժման դեպքում:
Մհեր Սեդրակյանը Ձեզ հետ ընտրապայքարի մասին մամուլում օրերս ասել էր՝ «Է, որ Մանուշակն ինձ պիտի կրի, դե ասա գնամ մեռնեմ»: Կարծես՝ թերահավատությամբ է ընդունում Ձեր մրցակից թեկնածուն: Կարծում եք՝ կհաղթե՞ք այդ թեկնածուին:
Ես վստահ եմ, որ պարոն Սեդրակայանը պինդ առողջություն ունի եւ կդիմանա իմ հաղթանակի փաստին:
Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց «Ոչ մի ձայն ռեժիմին» կարգախոսքը: Կոնգրեսն իր հիմնական քննադատության թիրախ ընտրելու է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ, չէ որ իշխանական կոալիցիայի անդամ են նաեւ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, եւ իրենք էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն այս տարիներին կատարված ձախողումների համար: Կոնգրեսին մեղադրում են ԲՀԿ-ի հանդեպ ընդգծված բարեհամբույր լինելու մեջ: Ինքներդ ինչպես կմեկնաբանեք այդ հանգամանքը:
Առհասարակ որեւ է քաղաքական ուժի հանդեպ «բարեհամբույր» լինելը կամ չլինելը քաղաքական կատեգորիա չէ: Մենք ղեկավարվում ենք պարզ քաղաքական գնահատականներով եւ հաշվարկներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերլուծելով ներկոալիցիոն իրավիճակը, փաստեց ու արձանագրեց, որ ԲՀԿ-ն անկախ որեւիցե մեկի “ուզել-չուզելուց”, առանձին գործոն է դառնում քաղաքական դաշտում: Առաջին հերթին փաստվեց, որ իշխանական կոալիիցիան ճաք է տալիս: Հիմնական աղմուկը եւ շահարկումները բարձրացան նրա` Հայ Ազգային Կոնգրես-ԲՀԿ հնարավոր ու ցանկալի համագործակցության շուրջ` համատեղ վերահսկել ընտրությունների ընթացքը, դրանք հնարավորինս արդար անցկացնելու նպատակով: Այսօր արդեն չարժե խոսել դրա մասին, քանի որ ժամանակի մեջ այդ գաղափարը գործնականում կիրառվում է միջկուսակցական համագործունեության դաշտում: Մենք նույնիսկ անտեսում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին նման հնարավոր համագործակցության մեջ մեղադրում էին այն քաղաքական ուժերը ու գործիչները, որոնք այսօր դա կարեւորում են: Եվ ավելին, գիտենք, որ ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ԲՀԿ-ն եւ Հայ Ազգային Կոնգրեսը համատեղ երկու նախաձեռնությամբ հանդես եկան: Առաջինը դա ԱԺ ընտրությունները միայն100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցնելն ու մեծամասնական ընտրակարգից հրաժարվելն էր: Իսկ մյուսը բոլորովին վերջերս նույն այդ քաղաքական ուժերի կողմից ընտրությունների ընթացքի համատեղ վերահսկողության նախնական որոշումն է:
Որքանո՞վ եք արդյունավետ համարում այս ռազմավարությունը, երբ Կոնգրեսի քննադատության հիմնական թիրախ է ընտրվել ՀՀԿ-ն: 
Այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն է ձեւավորել կառավարությունը, այդ կուսակցության թեկնածուն է դարձել երկրի նախագահը: Անկախ կոալիցիայի գոյությունից, կոալիցիոն նախարարների պորտֆելներից, պատասխանատվությունը կրում է ՀՀԿ-ն, քանի որ ՀՀԿ-ն կազմում է մեծամասնություն ԱԺ-ում եւ նա ոչ մի այլ քաղաքական ուժից կախվածություն չուներ: Իշխող ուժը պատասխանատու է ժողովրդի առջեւ ու պետք է պատասխան տա ժողովրդին այս թշվառ ու նվաստացուցիչ վիճակի համար, ահագնացող արտագաղթի համար:
ՀՀԿ-ն, սակայն, վստահեցնում է, որ ազատ ու արդար ընտրություններ են անցկացնելու, նույնիսկ՝ Նիկոյանն իր հերթին է խորհրդակցական մարմին ձեւավորել, Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին է փաստաթուղթ առաջարկում ստորագրել: Ինչու են անում իշխանությունները նման բան:
Ամենաշատը արդար ընտրությունների մասին խոսում է ՀՀԿ-ն, մինչդեռ որպես լիարժեք ու ամբողջական իշխանություն ունեցող քաղաքական ուժ, չպետք է անգամ խոսեր դրա մասին, որովհետեւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պարտականությունը, իրավասությունը, հնարավորությունը ինքնաբերաբար դրված է հենց իրենց վրա: Զանազան խորհրդակցական կամ այլ մարմիններ ստեղծելու իշխանական առաջարկներն ընդամենը հնարքներ են ընդդիմության կողմից ընտրությունների ընթացքի միասնական վերահսկողությունը կանխելու համար: Եթե իշխանություններն իրոք ցանկանային մաքուր ընտրություններ անցկացնել, ապա առնվազն օրենքով կսահմանվեր` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները ընտրություններից անմիջապես հետո հրապարակել ու ընտրողների մատները թանաքոտել:
Եթե հակառակ տված խոստումներին, իշխանությունները գնան ընտրակեղծիքների, ապա ի՞նչ է սպասվում դրանից հետո: Ընտրացուցակների հրապարակումից հետո կարծես թե որեւէ մեկը չի հավատում ազատ-արդար ընտրությունների խոստումներին:
Եթե մեր հույսը դնենք իշխանությունների խոստումների վրա, ապա արդեն այսօր կարող ենք մեծ ճշտությամբ հայտարարել գալիք ԱԺ կազմը: Կրկին “ընտրակեղծված” Հայաստանում կարող են շատ անկանխատեսելի պրոցեսներ զարգանալ, այն էլ` բռնկման ձեւով: Մենք պետք է մեզ հավատանք, մեր յուրաքանչյուր ձայնի կարեւորությանը ու բոլորս մասնակցենք ընտրություններին: Ինչքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան դժվարանում է ընտրությունների կեղծումը:
Կոնգրեսը հայտարարել է, որ այս ընտրությունները վերածելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացի: Ձեր կարծիքով, արդյոք կհաջողվի, արդյոք սա նշանակում է, որ հետընտրական հանրահավաքների շարք է սկսվելու:
Այս ընտրությունները ՀՀ-ում Սահմանադրական կարգի վերականգնման առաջին փուլն են հռչակում ու գործընթացը` քաղաքացիական-հասարակական ակտիվության առումով, չի դադարելու, մինչեւ մեր երկրում չձեւավորվի ժողովրդի իրական քվեով ընտրված իշխանություն: Այլընտրանք չունենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий